Անդրադառնալով Սոչիում Սերժ Սարգսյանի հայտարարությանը մեր զրուցակիցը նշեց. «Նախևառաջ սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի կողմից սեպտեմբերի երեքի որոշումը իրոք պարտադրանքի արդյունք էր, դա մեկ, երկրորդը, որ այդ պարադրանքը ամենևին էլ կապ չուներ Հայաստանի անվտանգության հետ, որովհետև, թե այդ անվտանգությունը քանի կոպեկ արժի, դա ինքը հենց Սերժ Սարգսյանը ասաց: Փաստորեն այդ , այսպես կոչված ռազմական դաշինքում Հայաստանն ունի այսպես կոչված ռազմական դաշնակիցներ, որոնք պարզապես զինում են մեր հակառակորդին, որն այսօր մեր թիվ մեկ սպառնալիքն է, ուստի կարծում եմ դա հանդիպակաց քայլն էր այդ ճնշմանը, ընդ որում, դա ուղղված էր ոչ միայն հանդիպման մասնակիցների , այլև հանդիպման ֆորմատից դուրս` նաև Հայաստանի հանրությանը` հատկապես այն հատվածին, որն այստեղ երգեր է երգում, անվտանգության նկատառումներից ելնելով, Մաքսային միություն մտնելու մասին, և ինչ խոսք, սա վկայում է, թե ինչքան թույլ է Հայաստանի իշխանությունը այս պահին, իսկ այդ թուլությունը գալիս է նրանից, որ Հայաստանի իշխանությունը չունի որևէ հանրային աջակցություն, իսկ հանրային աջակցություն չունի, որովհետև ունի լեգիտիմության պակաս, որը լրացնելու քայլ չարվեց: Ոչինչ չարվեց այս չորս տարվա ընթացքում, որպեսզի ներքին ամրության պաշարն ավելացվի , արդյունքում կատարվեց այն ինչ կատարվեց` Հայաստանը ընկրկեց այդ ճնշման առաջ»: Մեր զրուցակիցը շեշտեց, որ պետք էլ չէր ակնկալել, որ իշխանությունները խոսելու են ճնշման մասին, այլ փորձելու են սեպտեմբերի 3-ի հայտարարությունը ներկայացնել որպես խորը մտածված որոշում, ինչը և արվեց. «Իրականում Ռուսաստանը հարձակողական զենք վաճառելով Ադրբեջանին, ցույց տվեց, որ տարածաշրջանում նա ոչ թե Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և անվտանգության երաշխավորը, այլ ավելի շուտ այդ անվտանգության թիվ մեկ սպառնալիք, վերջապես սա է իրականությունը, և ժամանակն է իրերն իրենց անվանումներով կոչել»,- շեշտեց վերլուծաբանը: Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք անտրամաբանական չէ, երբ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը զինում է կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանին՝ փաստացի Հայաստանի դեմ` Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Առաջին հայացքից սա աբսուրդ է, ինչպես և աբսուրդ է ՀԱՊԿ կոչվածը, աբսուրդ է հայ-ռուսական դաշինք կոչվածը, բայց ամենևին էլ աբսուրդ չէ այն , թե ինչի համար է դա անում Ռուսաստանը: Ռուսաստանը դա անում է մի բանի համար, որպեսզի ավելացնի թե՛ Հայաստանի , թե՛ Ադրբեջանի կախվածությունն իրենից, ավելացնի տարածաշրջանի կախվածությունն իրենից, երկարացնի իր ողորմելի և ոչինչ չտվող ներկայությունը, ուրիշ ռացիոնալ բացատրություն դրան չկա»: Մեկնաբանելով այն կարծիքները, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի հայտարարությունը պայմանավորված էր իշխանությունը պահելու ձգտմամբ, մեր զրուցակիցը շեշտեց, որ վերջին երեքուկես տարում Եվրամիության հետ տարվող բանակցությունների ընթացքում որևէ քաղաքական ուժ չսատարեց Ասոցացման պամանագրի գաղափարը, որևէ ձևով իր մասնակցությունը այս գործընթացում չառաջարկեց, ամեն ինչ թողեց առանց այն էլ թույլ իշխանության վրա, սպասելով , որ իշխանությունը կձախողի, և իրենք կփորձեն դրանից ինչ-որ դիվիդենտներ շահել. «Դա ստորաքարշ հակապետական մոտեցում էր, որը բացարձակ ոչ մի կապ չուներ Հայաստանի և հայաստանցիների շահերի հետ, մյուս կողմից հենց քաղաքական դաշտում է բույն դրել այն հատվածը որոնք պարզապես ոչ թե պրոռուսական էին , այլ ռուսական շահերի լակեյի դերում էին, այսինքն հինգերորդ շարասյան դերում և բնական է, որ Ռուսաստանի կողմից համապատասխան ազդանշանի դեպքում կարող էին նաև սպառնալիք ստեղծել այսօրվա իշխանությանը: Ներկա իրավիճակում հաշվի առնելով ներկա ուժերի դասավորությունը, կարելի է վստահ ասել, որ եթե իշխանությունը մղվեր հրաժարականի, ցավոք սրտի, ես սա մեծ ցավով եմ ասում, և կարծում եմ, սա ևս մեկ կարևոր ներքին սպառնալիքներից մեկն է, այդ իշխանությունը վերցնողը կարող էր լինել Ռոբերտ Քոչարյանը և նրա խումբը, որոնք սպասարկում են Ռուսաստանի շահերը և մինչև այս էլ հրապարակայնորեն ողջունում էին Պուտինի գաղափարները»,-եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը: