Այսօր՝ սեպտեմբերի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 8.5%:
Այս մասին ասվում է Կենտրոնական բանկի հրապարակման մեջ:
2013 թ. օգոստոսին արձանագրվել է 0.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4% գնանկման դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը սեպտեմբերի վերջին կազմել է 9.3%: Խորհուրդը համակարծիք է, որ մոտակա ամիսներին գնաճը նվազելու է՝ մոտենալով գնաճի կանխատեսվող հետագծին: Հաշվի առնելով արտաքին ու ներքին միջավայրից գնաճային ճնշումների և տնտեսական ակտիվության թուլացումը, Խորհուրդը գտնում է, որ առկա դրամավարկային պայմանների պահպանումը թույլ կտա հավասարակշռել գնաճային միջավայրի ընդլայնման և տնտեսական ակտիվության նվազման ռիսկերը: Գնաճի աստիճանական նվազման և ներքին պահանջարկի ցածր մակարդակի պահպանման դեպքում Խորհուրդը համապատասխանորեն կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները,- ասված է հաղորդագրության մեջ: