տուն Տնտեսական Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է

182
0

ԿԲ

2013 թ. դեկտեմբերի 24-ի արտագնա նիստում, որը կայացել է Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում, ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75%:

«2013 թ. նոյեմբերին արձանագրվել է 0.9% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.4% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է 6.6%: Գնաճի նվազումն ընթանում է կանխատեսվածի համեմատ ավելի արագ տեմպերով, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը տարեվերջին կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին մոտ:
Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածի զարգացումներն ընթացել են հիմնականում կանխատեսվածի շրջանակներում:
Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդը գնահատում է, որ չնայած չորրորդ եռամսյակի ընթացքում հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնողական ընթացքին, պահպանվում են տնտեսական աճի ցածր տեմպերը՝ պայմանավորված ներդրումների վարքագծով և մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղմամբ: Հաշվի առնելով արտաքին և ներքին տնտեսությունների վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև հետագայում գնաճի նվազման սպասումները, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը:
Միևնույն ժամանակ, ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները կպայմանավորվեն նաև 2014 թ. հարկաբյուջետային քաղաքականության առանձնահատկություններով:
Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսական սպասվող զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել և մոտակա ամիսներին կվերադառնա 4% նպատակային մակարդակին՝ կանխատեսվող հորիզոնում պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքում»,- ասված է ԿԲ տարածած հաղորդագրությունում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here