Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ճեպազրույցը:
«Վերանայվել է 8-րդ ծրագրի շահառուների ցանկը: Հիշեցնեմ, որ խոսքը տուժած ոլորտների մասին է, որտեղ աջակցությունը տրամադրվում է գրանցված աշխատողներին, ուստի ես ուզում եմ ներկայացնել նաև այն ցանկը, որն ավելանում է 8-րդ ծրագրում: Խոսքը հագուստի արտադրության մասին է, կոշիկի և այլ կաշվե տարատեսակների արտադրության, կահույքի արտադրության, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղների և քարերից զարդերի պատրաստման մասին, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, օդային տրանսպորտի գործունեություն (խոսքը վերաբերում է նաև ավիատոմսերի վաճառքում ներգրավված անձանց), կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բանգավառում գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեության, երաժշտության, մշակույթի, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բանգավառում գործունեություն, լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում, պոլիգրաֆիական գործունեություն, տպագրական ծառայություններ և 40-99 տեսակարար կշռով տուժած ոլորտում գործող կազմակերպություններ: Այս ցանկով շուրջ 36 հազար շահառու է ավելանում ծրագրում: Դրամական աջակցության բյուջեն կազմում է շուրջ 2 մլրդ դրամ»,- նշեց նախարարը: