տուն Տնտեսական Վերահսկիչ պալատն այլևս իրավական ու քաղաքական գնահատականներ չի կարողանա տալ

Վերահսկիչ պալատն այլևս իրավական ու քաղաքական գնահատականներ չի կարողանա տալ

136
0

Իշխան Զաքարյան

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց մի նախագիծ, որով օրենսդրորեն արգելվեց Վերահսկիչ պալատի նախագահին իրավական կամ քաղաքական գնահատականներ տալ հայտարարություններ անելիս:

«Ներկայումս «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքում կարգավորված չեն մի շարք առանցքային հարցեր, որոնք իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ տարընթերցումների տեղիք են տվել: Մասնավորապես օրենքում տեղ չեն գտել ֆինանսական վերահսկողության միջազգային ստանդարտներով սահմանված մի շարք կարևոր դրույթներ: Ֆինանսական վերահսկողության միջազգային ստանդարտները սահմանված են ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կազմակերպության /INTOSAI/ կողմից, որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանի Հանրապետությունը: Ստանդարտները վերաբերում են պետական ֆինանսների կառավարման հսկողությանը և սահմանում են վերահսկողության մեթոդաբանությանը և վերահսկողության սկզբունքները: Նշված ստանդարտների համաձայն վերահսկիչ պալատի տարեկան, ինչպես նաև ընթացիկ հաշվետվություններում, վերահսկիչ պալատի հայտարարություններում, ելույթներում չպետք է տրվեն իրավական կամ քաղաքական գնահատականներ, համապատասխան հաշվետվությունները պետք է սահմանափակվեն փաստի վերհանմամբ և հայտնաբերված խախտումների գրառմամբ, մինչդեռ նման սահմանափակում նախատեսված չէ գործող օրենքում: Ստանդարտներով նախատեսված է նաև, որ հաշվետվություններին պարտադիր կարգով պետք է կցվեն վերահսկվողի կողմից ներկայացված առարկությունները կամ առաջարկությունները: Հարկ է նշել, որ նմանատիպ դրույթ առկա է նաև գործող օրենքում, սակայն այն իմպերատիվ չէ և ուղղակի նախատեսում է վերահսկվողի առարկությունները հաշվետվությունում ներառելու հնարավորություն, այլ ոչ թե պարտադիրություն: Այնինչ, անհրաժեշտ է օրենքով հստակ ամրագրել վերահսկվողի կողմից առարկություններ կամ առաջարկություններ ներկայացնելու պարտադիրությունը:    Օրենքում առկա են նաև մի շարք այլ  բացթողումներ և թերի կարգավորումներ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: