Իջևանում, Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ այսօր առավոտյան կա հնարավորություն ներգրավվելու ակտիվ տնտեսական կյանքի մեջ:
«Տավուշի մարզում, Բերդ քաղաքում և սահմանամերձ բնակավայրերում այսպիսի իրավիճակ է տիրում`մարդիկ լիարժեք ներգրավված են իրենց աշխատանքներում: Մեծ ծավալով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, բայց վերականգնողական աշխատանքից զատ կարևոր է ամբողջությամբ վերադառնալ բնականոն կյանքին»,- նշեց Հայկ Չոբանյանը և ավելացրեց, որ վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսեն փոխարինել զարգացման ծրագրերը:
«Փորձենք վերանվանել այդ տերմինը և ակտիվորեն զբաղվել տարածաշրջանի և հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով: Մենք նոր խթան ենք տալիս այս օրերի տված էներգիայով, իմանալով, որ ցանկացած խնդիր, որը լուծվում է սահմանամերձ համայնքում, մենք լուծում ենք մեր երկրի, մեր պետության սահմանի անվտանգության խնդիրը: Արձանագրված են բոլոր տնտեսական, քաղաքաշինական խնդիրները»,- ասաց նա:
Մարզպետ Չոբանյանը նաև տեղեկացրեց, որ ևս մեկ լրացուցիչ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է զբաղվի և ուսումնասիրի գյուղատնտեսական վնասները: Մարզպետը նշեց նաև, որ ստեղծվել է սոցիալ-հոգեբանական հանձնաժողով:
Հայկ Չոբանյանը խոսեց նաև մասսայական դրամահավաքի մասին: Մարզպետը վստահեցրեց, որ հավաքագրված գումարներն ուղղվելու են մարզի առաջնային խնդիրների լուծմանը:
Հայկ Մագոյան