տուն Հասարակություն Վենետիկի հանձնաժողովը գովեստի է արժանացել ՀՀ ԱՆ մշակած Դատական օրենսգրքի փաթեթը

Վենետիկի հանձնաժողովը գովեստի է արժանացել ՀՀ ԱՆ մշակած Դատական օրենսգրքի փաթեթը

164
0

Վենետիկում հոկտեմբերի 11-ին մեկնարկել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» 120-րդ լիագումար նիստը, որի օրակարգի շրջանակում հաստատվել է երկու կարծիք Հայաստանի Հանրապետության կառավարության երկու դիմումների հիման վրա։

Այս տարվա օգոստոսին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր հանձնաժողովին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթում նախաձեռնված փոփոխությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք տրամադրելու համար։

Հաջորդիվ, նախարար Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ խնդրելով կարծիք տրամադրել «Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի սահմանադրական ազդեցության վերաբերյալ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Լիագումար նիստի ընթացքում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, Հանձնաժողովի հետ կարծիքներ է փոխանակել Եվրոպական միության Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ։

Հանձնաժողովի հրավերով Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասայանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են եղել նաև  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Արդարադատության նախարարն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Հանձնաժողովին և ԵԽ Գլխավոր տնօրինությանը՝ Հայաստանի կառավարության հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության և կարծիքների տրամադրման համար։

Նախարար Բադասյանը Հանձնաժողովին տեղեկացրել է Կառավարության բարեփոխումների օրակարգի մասին՝ նշելով, որ հենց հոկտեմբերի 10-ին հաստատվել է Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունն ու Գործողությունների ծրագիրը, իսկ նախորդ շաբաթ Հակակոռուպցիոն ռազմավարությունն ու դրա գործողությունների ծրագիրը։

Ռուստամ Բադասյանը շեշտել է, որ նախարարության համար կարևոր է, որ Հանձնաժողովը միանշանակ դրական է գնահատել ձեռնարկված բարեփոխումների օրակարգը, իսկ դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի առնչությամբ կարծիքում մասնավորապես նշվել է, որ փոփոխությունները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը և կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում։

Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ Կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կողմից պատրաստված կարծիքը շատ կարևոր է բոլոր անդամ պետությունների համար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի սահմանադրական հարցերով անկողմնակալ մասնագիտական կարծիք տրամադրող կառույցն է։

Հանձնաժողովի առջև ելույթ ունենալով՝ Եվրոպական Միության Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը ողջունել ու Հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրել, որ հայաստանյան դատական և իրավական բարեփոխումների մշակմանը ներգրավված է նաև Եվրոպական միությունը և ուրախությամբ նշել, որ այդ ռեֆորմները միտված են դատական համակարգի անկախությունն ու հաշվետվողականությունն ապահովելուն՝ հիմք ընդունելով եվրոպական ստանդարտները։

Ամփոփելով կարծիքը՝ Հանձնաժողովը նշել է, որ Նախարարության կողմից մշակված դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանի, բացի այդ, նախագիծը մշակելիս Կառավարությունը գործել է պատասխանատու և համակողմանի՝ նախագիծը քննարկելով թե՛ ներպետական շահառուների և թե՛ միջազգային գործընկերների հետ։

120-րդ լիագումար նիստին Վենետիկի հանձնաժողովը նաև հաստատել է ՀՀ Սահմանադրության վրա Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի սահմանադրական ազդեցության վերաբերյալ կարծիքը։

Հանձնաժողովի կողմից կարծիքները հրապարկվելուց հետո նախարարությունն առավել մանրամասն կանդրադառնա դրանց բովանդակությանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here