Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ խզում է հարաբերությունները Պանամայի հետ և դադարեցնում է երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նման քայլը պայմանավորված է այն բանով, որ Պանաման առաջարկում է հրավիրել ամերիկյան պետությունների կազմակերպության գագաթնաժողով՝ քննարկելու համար Վենեսուելայի ներքաղաքական իրավիճակը, որը սրվել է զանգվածային բողոքի ակցիաների պատճառով: Ուգո Չավեսի մահվան տարելիցի կապակցությամբ ելույթի ժամանակ Մադուրոն Պանամային մեղադրել է Վենեսուելայի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ:
«Մենք չենք հանդուրժի ներխուժում, որովհետև միջազգային քաղաքականությունը խաղաղության, համագործակցության և հարգանքի քաղաքկանություն է»,- ասել է Մադուրոն: Պանամայի նախագահ Ռիկարդո Մարտինելին զարմանք է արտահայտել Մադուրոյի որոշման կապակցությամբ, նշելով, որ Պանաման միայն խաղաղություն է մաղթում բարեկամական պետությանը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: