Այսօր ԱԺ-ում վեճ է տեղի ունեցել բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Քաղաքացիական ծառայության խորհրդի ծառայողական ավտոմեքենաները մաշված են, պիտանի չեն շահագործման համար, այսօր խորհրդարանում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս հարցին անդրադարձել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Նա առաջարկել է կառավարությունը փոխհատուցում նախատեսի այն դեպքերի համար, երբ խորհրդի անդամները ծառայողական նպատակով սեփական ավտոմեքենաներն են օգտագործում:
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը այդ առաջարկին ի պատասխան ասել է, որ ամեն տարի չեն պատրաստվում բարձրացնել հարցը, քանի որ անընդհատ մերժվում են: «Դա իմ անձնական խնդիրը չի, այդ հարցը կա, գոյություն ունի, ի վերջո մենք էլ բարոյապես մեզ լավ չենք զգում դրանից, ամեն տարի ասում ենք ու գնում»,- կառավարության անդամներին դիմել է Մանվել Բադալյանը:
«Ավելի լավ է փոխհատուցենք ծախսերը, մարդն իր անձնական մեքենան շահագործի, վարորդ էլ չի պահի»,- ասել է Դավիթ Հարությունյանը:
Երբ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հակադարձել է, Դավիթ Հարությունյանը նշել է. «Պարոն Սաֆարյան, ի՞նչ անի մարդը, եթե մեքենա չունի: Մենք ասում ենք՝ հաշվարկենք այնպիսի փոխհատուցում, որը բավական է, որպեսզի մարդը կարողանա օգտվել իր անձնական մեքենայից զուտ ծառայողական նպատակով»:
Էմմա Պալյան