տուն Աշխարհ Վարչապետն անդրդվելի է, բայց մտադիր է բանակցել. ցույցեր՝ Ֆրանսիայում

Վարչապետն անդրդվելի է, բայց մտադիր է բանակցել. ցույցեր՝ Ֆրանսիայում

249
0

Արդեն տեղեկացրել ենք, որ Ֆրանսիայի իշխանությունների՝ կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող նախաձեռնությունը հասարակական լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել այդ երկրում՝ դառնալով համազգային գործադուլների պատճառ: Հիշեցնենք, որ, ըստ օրինագծի, կենսաթոշակային տարիքը մնում է անփոփոխ` 62 տարեկան, սակայն եթե աշխատողը մինչև 64 տարին լրանալը թոշակի անցնի, վճարումներն ավելի քիչ կլինեն:

Այսպես, նախօերին՝ դեկտեմբերի 17-ին, հարյուր հազարավոր մարդիկ երկրի շուրջ 110 քաղաքներում մասնակցել են բողոքի ակցիաների: Ինչպես մանրամասնել է ցույցերի կազմակերպիչներից Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան, միայն մայրաքաղաք Փարիզում փողոց է դուրս եկել մոտ 350 հազար մարդ, իսկ ցուցարարների թիվն ամբողջ Ֆրանսիայում կազմել է շուրջ 2 միլիոն:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, համազգային գործադուլին առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի բոլոր արհմիությունները, ներառյալ՝ Աշխատանքի ֆրանսիական ժողովրդավարական կոնֆեդերացիան, որը նախկինում աջակցում էր կենսաթոշակային բարեփոխումների նախագծին: Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը մտադիր է այսօր և վաղը շարունակել բանակցությունները արհմիությունների հետ: