տուն Տնտեսական Վարչապետի հանձնարարականը չի կատարվել. ներդրողի բողոքը

Վարչապետի հանձնարարականը չի կատարվել. ներդրողի բողոքը

551
0

2018 թվականին՝ թավշյա հեղափոխությունից հետո, Անդրանիկ Պետրոսյանը հիմնում է զբոսաշրջային ընկերություն՝ «Կոն-Տիկի Տուր» ՍՊԸ, կատարում 54.000 դոլարի ներդրում, գրավադրում իր տունը:

Բիզնեսը զարգացնելու համար 2018 թ-ի մայիսին Իսպանիայից պատվիրում է 15 տեղանոց 3 հեծանվանման փոխադրամիջոց` կարմիր, կապույտ, ծիրանագույն վարկային միջոցներով: «Այն հայտնի է «party bike» մի հոգի վարում է փոխադրամիջոցը, որտեղ երաժշտություն էլ կա: Տարբեր երկրներում այն պահանջարկ ունի, մարդկանց, զբոսաշրջիկներին ուրախություն է պատճառում: Նորություն է Հայաստանում»,- մանրամասնեց ներդրողը Araratnews.am-ի հետ զրույցում:

3 հեծանվանման փոխադրամիջոցը Անդրանիկ Պետրոսյանը ձեռք է բերել վարկային միջոցներով, տունը գրավադրելով: Ավելին՝ վարկ տրամադրող բանկը, լսելով բիզնեսմենի գաղափարը, արտոնյալ վարկ է տվել, վստահ լինելով՝ գաղափարը Հայաստանում կաշխատի: «2018-ի սեպտեմբերին հասնում է Հայաստան ու մնում մաքսակետում: Մաքսային ծառայության աշխատողները պահանջում են 9 մլն դրամ տուրք վճարել, քանի որ հեծանիվի կոդով են մաքսազերծում, մինչդեռ այն հեծանիվ չէ: Մենք այլեւս գումար չունենք, որ մաքսատուրքը վճարենք, ոչ էլ այն տուգանքի գումարը, որը ավելացել է 9 միլիոն դրամին»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ արդյոք ներդրողը չէր նախատեսել, որ հարկ պետք է մուծի, Անդրանիկ Պետրոսյանն ասաց՝ սա նոր արտադրանք է, որը չի կարող հեծանիվի կոդով մաքսազերծվել: Ավելին, հեղափոխությունից հետո ԱԺ-ում, երբ քննարկվել է շտրիխ կոդերի հարցը, որոշեցին գտնել առանձին լուծում այդ արտադրանքի համար: «Բացի այդ, պետությունը, հատկապես միջին օղակը, պետք է  հասկանա՝ ցանկանում ենք նոր ճյուղ զարգացնել, այլոց էլ չխանգարել: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսել եւ կարևորում է նոր գաղափարները: Մենք պլանավորել էինք այդ փոխադրամիջոցը տանել նաև Շիրակի մարզ, որտեղ եւս ոգեւորված էին գաղափարով»,- ասաց պարոն Պետրոսյանը:

Ներդրողը, տեսնելով, որ մաքսակետում խնդիրը չի լուծվում, նամակ է գրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ հանձնարարում է պատկան մարմիններին զբաղվել խնդրով: Մինչ օրս, սակայն, որեւէ պատասխան չկա:

Անդրանիկ Պետրոսյանն առաջարկում է պատկան մարմիններին այդ 9 միլիոն դրամ տուրքը հանեն կամ գոնե ժամանակավորապես սառեցնեն, 3 միլիոն դրամ տուգանքն էլ չեղյալ համարեն: «Համաճարակից հետո գոնե կարողանանք այդ փոխադրամիջոցներն աշխատեցնենք, գոնե մեր քաղաքացիները կվարեն, կլինի հայկական երթուղի՝ մինչեւ զբոսաշրջային հոսքերը կավելանան, ու կսպասարկեն նաև զբոսաշրջիկներին»,- ավարտեց իր խոսքը զբոսաշրջային ընկերության ղեկավարը:

Սոնա Դավթյան