Հինգշաբթի օրը ՀՀ կառավարության նիստում որոշվել է պահուստային ֆոնդից ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 12 մլն դրամ՝ «Փի-Արտ» ՍՊ ընկերությանը տրամադրելու համար, որպեսզի վերջինս ռուսական «Իգրա Թի Վի» հեռուստաընկերությունից ևս մեկ տարի ժամկետով ձեռք բերի «Ինչ, Որտեղ, Երբ» հեռուստանախագծի արտոնագիրը:
2014 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՄԻՊ գրասենյակը ընդամենը 10 միլիոն դրամ էր պահանջում ՄԻՊ արագ արձագանքման ծառայության աշխատանքը ապահովելու համար, և նշվում էր, որ գումարի չտրամադրման դեպքում ծառայությունը կարող է փակվել: Կառավարությունը այս պարագայում նշում էր, որ պետական բյուջեում այդքան միջոցներ չկան:
Սակայն պարզվում է, որ մարդու իրավունքների պաշտպանության գործառույթ իրականացնելու համար չկան միջոցներ, իսկ ինչ-որ հեռուստախաղի ռուսերեն լեզվով երկարակեցությունը ապահովելու համար կարելի է գտնել միջոցներ: Հասկանալի է, որ այս խաղը միջոց է՝ բոլոր ոլորտներում իրականացվող քաղաքականությունը ձախողած կառավարության համար ինտելեկտուալ շղարշ ապահովելու, մանավանդ որ, հենց կառավարության թիմն էլ մեծ աշխուժությամբ մասնակցում է այս հեռուստանախագծին: Բայց վերոնշյալ թվերն ու ոլորտները համեմատության մեջ դիտարկելու ժամանակ ավելի քան հստակ է դառնում այս կառավարության և վարչախմբի վերաբերմունքը մարդու իրավունքներին: Ինչևէ, անհրաժեշտությունը չկա այս հակաիրավական վարչախմբի մասին ևս մեկ անգամ շեշտելու:
Այստեղ ուշադրության է արժանի մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր փաստ: Ո՞ւմ են գումարներ հատկացվում պետական բյուջեից, այն էլ` նվիրաբերության տեսքով: Հատկացվում է մասնավոր ընկերության: Եթե խաղը հեռարձակվեր հանրային հեռուստատեսությամբ, ապա կարելի էր ինչ-որ կերպ ընդունել այս իրողությունը, սակայն հաղորդումը հեռարձակվում է «Արմենիա» հեռուստատեսությամբ: Փաստորեն, հարկատուների գրպանից գումար է հատկացվում մասնավոր ընկերությանը հեռուստահաղորդման արտոնագիր ձեռք բերելու համար, որը շուկայական տնտեսության պայմաններում պետք է իր գովազդների, հովանավորների միջոցով ապահովեր եկամուտներ հաղորդումներ պատրաստելու համար: Փաստորեն, մենք` հարկատուներս, երկու անգամ ենք վճարում այս խաղը դիտելու համար. առաջինը`պետբյուջեից, երկրորդը` գովազդի գումարի տեսքով, որը մտնում է մեր կողմից ձեռք բերվող ապրանքների գնի մեջ:
Փաստորեն, հասել ենք մի իրավիճակի, երբ իշխող վարչախումբը ամբողջովին նույնացնում է պետությունը իր հետ, պետական շահը` իր շահի, իսկ պետական բյուջեն` իր և իր հարազատների դրամական միջոցների հետ: Իսկ բյուջեից սեփական գրպաններ հոսք ապահովելու համար արդեն չեն ընտրում երկարատև «օվշորային ճանապարհներ»: Այսուհետ այդ ամենը կատարվում է ուղղակի նվիրատվության տեսքով: Փաստորեն, Անկախության տոնի առթիվ Նունե Եսայանի համերգի համար նվիրատվությամբ քողազերծված վճարը գերազանց նախադեպ դարձավ դրամական հոսքերը ցանկալի ուղով կարգավորելու համար:
Բացի վերոնշյալ հանգամանքներից, այս քայլը վարչախմբին բնորոշ ստրկական ժեստ էր Կրեմլի իրենց պախանին, որը ապահովեց «արևմտամետ» վարչապետը` իր կառավարության հետ միասին: Շուտով հավանաբար կվերականգնվեն նաև ռուսերենով ԿՎՆ-ի, ինչու չէ, նաև «Բարի գիշեր, երեխաներ»-ի բարի ավանդույթները:
Հ.Գ. Այս խաղի ընթացքում միշտ նշվում է, որ այն անց է կացվում վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փաստորեն, այդ բարձր հովանին ապահովվում է մեր` հարկատուներիս հարկերի հաշվին: