Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս նշանավոր հոբելյանը խորհրդանշում է արդիական պետության և հասարակության կառուցման գործում հնագույն քաղաքակրթություն կրող չին ժողովրդի մեծ հաջողությունները: Մենք Հայաստանում ուրախությամբ ենք հետևում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և չին ժողովրդի նվաճումներին՝ տնտեսական առաջընթացին, նորարարական ոլորտի զարգացմանը և մշակութային վերելքին: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն և հետևողական ամրապնդմանն ու խորացմանը: Տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների հետագա ընդլայնումը և միջազգային ասպարեզում ակտիվ գործակցությունը բխում են մեր երկու երկրների և ժողովուրդների կենսական շահերից: Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը և հանդիպումը Ձեզ հետ հիմք կծառայեն հայ-չինական բարեկամությունն ու համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար
Պատրաստակամ եմ Ձեզ հետ համատեղ առավելագույն ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար»: