ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակում մահացած զինծառայողների ծնողների հետ այսօր հանդիպման ժամանակ նրանց որդիների գործերը քննելու մի քանի տարբերակ առաջարկեց: Նա նշեց, որ պետք է ճշմարտությունը պարզվի եւ ծնողները համակերպվեն այդ ճշմարտության հետ, դադարեցնեն բողոքի ակցիաները Կառավարության մոտ:
«Հիմա ես ձեզ մի քանի տարբեակներ կառաջարկեմ, հետո կքննարկենք, որոնց շուրջ գանք համաձայանության: Առաջինը` նշված քրեական գործերը հաանձնարարել այլ քննչական մարմնի եւ այնպիսի քննիչների, որոնք նախկինում որեւէ առնչություն չեն ունեցել գործին: Երկրորդ` քննչական գործերով խորհրդակցություն հրավիրել վարչապետի մոտ, որը նույնպես ուղիղ եթերում կհեռարձակվի եւ կլինեն հարցուպատասխաններ եւ եզրակացություններ: Երրորդն իմ կարծիքով այս առաջարկներից ամենալավն է, դուք ձեր համար խումբ ձեւավորեք իրավապաշտպանների, իրավաբանների, կամ խառը խումբ ու մենք միջոցներ ձեռնարկենք, որպեսզի էդ բոլոր գործերի քննությունները իրականացնի այդ խումբը: Կոպիտ ասած դուք ներկայացնեք ձեր առաջարկությունները, թե որ գործողությունն ինչպես կատարել: Կարճ ասած, դուք ասում եք վատ է քննված էս գործը, դե ֆակտո վերցրեք, դուք արեք, դուք քննեք, ասեք` էս սխալ է, էս սխալ է: Հաջորդ ֆորմատը քննիչները էս գործերով ներկայանան Ազգային ժողով, պատասխանեն էս հարցերին, որոնց արդյունքում էլի տրվեն օպերատիվ հետախուզական պլանի ցուցումներ: Հինգերորդը` վարչապետի հանձնարարությամբ կազմել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն նախաքննություն իրականացնող մարմինը, հսկողություն իրականացնող դատախազը, ՀԿ-ների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, ովքեր կստանան դատավարական եւ օպերատիվ գործողությունների ցուցումներ»,-ասաց նա` նշելով, որ ինքը պետք է ձեւավորի իր համար վստահելի իրավաբանների խումբ:
Նա հավելեց, որ այս գործողությունների հետ կապված պետք է նկարահանվի ֆիլմ, որտեղ կխոսեն քննիչները, դատախազները, վկաները, եւ բոլոր փաստերը ի մի կբերվեն եւ կներկայացվեն հանրության դատին:
Վարչապետը հավելեց, որ սրանք են իրենց ներկայացրած լուծումները, որոնց շուրջ իրենք շատ երկար մտածել եւ ներկայացրել են:
Նշենք, որ տարիներ շարունակ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են իրականացրել Կառավարության մոտ, սակայն նրանց խնդիրն առ այսօր շարունակում է մնալ չլուծված: