տուն Հասարակություն Առողջապահություն Վարչապետը այցելել է բռնությունից տուժած 13-ամյա աղջնակին

Վարչապետը այցելել է բռնությունից տուժած 13-ամյա աղջնակին

360
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 8-ին այցելել է Գյումրիում բռնությունից տուժած 13-ամյա Նազելի Խաչատրյանին։  Այս մասին Փաշինյանը տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Այսօր այցելեցի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։

Շատերս ենք ցավում այս աղջնակի եւ նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաեւ այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես եւ կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որեւէ արդարացում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես մարտի 6-ին տեղեկացրել էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, Մուշի բաժնի ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել Գյումրու Շիրակացու փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդին, որը կասկածվում է 43-ամյա մի կնոջ սպանության և նրա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ։

«Մարտի 5-ին, ժամը 14․50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրու Պռոշյան 14 հասցեից մարմնական վնասվածքներով «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աղջնակ։ Շտապօգնության կայանից հայտնեցին նաև, որ երեխայի մայրը տանը մահացած է։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ 43-ամյա կնոջ դիակի զննությամբ պարզ դարձավ, որ մարմնին վնասվածքներ կան։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Մուշի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով  հանցագործությունը։ Նախնական տվյալներով՝ կնոջը կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ծեծել էր նրա մտերիմը։ 28-ամյա երիտասարդը խփել էր նաև վեճին միջամտած դստերը։ Ստացած մարմնական վնասվածքների պատճառով կինը մահացել էր։

Գյումրու Շիրակացու փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվել էր հաղորդագրության մեջ։