Ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշեց.
«Երեկ հարցուպատասխանի ընթացքում արծարծվեց անհամաչափ թանկացումների թեման: Այսօր առավոտյան խորհրդակցության ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահն ասաց, որ իրենք պատրաստ են զբաղվել այդ հարցով՝ կոնկրետ Վանաձորում թանկացման պատճառները հասկանալու համար: Եվ ես տվել եմ համապատասխան հանձնարարականները, որպեսզի այդ թեմայով զբաղվեն: Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահն ասաց նաև, որ որոշ ապրանքատեսակների մասով որոշակի գնանկում է նկատվել: Ես ուզում եմ արձանագրել, որ մենք, իհարկե, կշարունակենք հետևել իրավիճակին, մոնիթորինգ անել, և այստեղ խնդիրը հետևյալն է. ոչ թե ինքնին թանկացումներն են կամ հենց թանկացումները, այլ որպեսզի մենք թույլ չտանք որևէ չհիմնավորված գործողություն և թույլ չտանք, որ որևէ գնային շահարկում և չարաշահում տեղի ունենա: Մեծ հաշվով, հասկանալով, որ կարող են նաև ինչ-որ գների փոփոխություններ տեղի ունենալ:
Կառավարության ընդունած ինը միջոցառումների շրջանակում երեկվա դրությամբ 2 մլրդ 353 մլն դրամ տնտեսական և սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական և ֆիզիկական անձանց: Սա նշանակում է, որ այդ մարդկանց համար գումարն արդեն հասանելի է բանկային համակարգով: Նրանց մի մասը, գուցե, արդեն ստացել են, մի մասն էլ կստանա՝ նկատի ունեմ՝ արդեն իրենց գործողությունից է կախված ու իրենք պետք է գնան ու այդ գումարը ստանան»: