Որքան հասկանում եմ՝ մեր առաջարկին արձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կրկնեց իր առաջարկը, որի մասին խոսել է նաեւ երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ:
«Մինչեւ փետրվարի 6-ի նիստը կրկին ուսումնասիրում ենք սուբսիդավորվող վարկերի ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում, որոնք այսօր էլ կարող են սուբսիդավորել արտոնյալ կարգով սպանդանոցներին եւ պլյուս դրան լիզինգային ծրագրերը, որտեղ պետք է տեղ լինի նաեւ շարժական սպանդանոցների համար, որ հնարավոր լինի գյուղացիների կողմից դրանք ձեռք բերել»,- մանրամասնեց գործադիր մարմնի ղեկավարը:
Երկրորդ՝ կազմվում է Հայաստանում սպանդանոցների բաշխվածության եւ խտության նախընտրելի քարտեզ: «Մինչեւ հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են միայն Երեւանի սուպերմարկետներն ու Երեւանում հանրային սննդի օբյեկտները: Մյուս տեղերում իրավիճակը թողնում ենք այնպիսին, ինչպիսին կար նախքան այս կարգավորումը: Բայց պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունը անցնում է սպանդանոցային մորթի նոր համակարգին, եւ որեւէ ցույց չի լինելու»,- տեղեկացրեց վարչապետը: