տուն Քաղաքական Հայաստան Վարչապետը՝ սննդի անվտանգության ոլորտում հնարավոր մենաշնորհի մասին

Վարչապետը՝ սննդի անվտանգության ոլորտում հնարավոր մենաշնորհի մասին

238
0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցում է ուղարկել Սնդդի անվտնագության տեսչական մարմին՝ հասկանալու, թե որ լաբորատորիաներում են պատվիրվում ՀՀ ներմուծված սննդի փորձարկումները։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հարց ու պատասխանի ժամանակ նշեց, որ իրենց հարցման պատասխանում նշված էր չորս կազմակերպություն․ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ում, «Մավազ գրուպ» ՍՊԸ-ում, «Նարեկ» ՓԲԸ-ում։ Պատգամավորի պնդմամբ՝ եթե նայում ենք պետական, ոչ պետական, մասնավոր ընկերությունների բաշխվածությանը, տեսնում ենք, որ «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ն ունի պատվերների գերակշիռ մեծամասնություն։

Կարեն Սիմոնյանը հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված այս անհամամասնությունը, որովհետեւ, իր տեղեկություններով, որոշակի անձնական կապերի արդյունքում է նման անհամամասնություն ձեւավորվել։

«Շատ երկար տարիներ խոսվում է, որ կա լաբորատորիա, որը սննդի անվտանգության մենաշնորհ ունի, եւ այլն։ Ականջալուր լինելով քննադատությանը՝ ազատականցրել ենք դաշտը։ Եթե հընթացս կպարզվի, որ շահագրգիռ պաշտոնյաներ կան, խոստանում եմ, որ ամենախիստ ձեւով կպատժվեն։ Բայց ոլորտներ կան, որտեղ երկար տարիների քննդատություններից հետո գնացել ենք ազատականացման, բացել ենք դաշտը, եւ, ցավոք, միշտ չէ, որ բացված դաշտում մասնավորը նույն արագությամբ լցվում է»,- ասաց վարչապետ Փաշինյանը`պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատագամավորի հարցին:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց, որ Սննդի անվտանգության տեսչական մարմինը պատգամավորին գրավոր պարզաբանում ներկայացնի․ «Այն դեպքերում, երբ կա կասկած, բացառվում է, որ աչք փակենք որեւէ կոռուպցիոն երեւույթի վրա կամ կիսաուշադրություն դարձնենք»: