Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.
«Քիչ առաջ դուրս եկա ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից, որտեղ վարչական ձերբակալման էին ենթարկվել 13 քաղաքացիներ, որոնք փակել էին Վազգեն Սարգսյան փողոցը՝ քաղաքական բնույթի կոչերի զուգորդմամբ:
Զրույցներ եմ ունեցել վարչական ձերբակալման ենթարկված անձանց և ոստիկանության ծառայողների հետ, ճշտել եմ ազատազրկելու հիմքերը, ստուգել իրականացվող վարույթների ընթացքը և ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության ապահովման հետ կապված այլ ընթացակարգեր ու պայմաններ: Երեք ժամվա ընթացքում վարչական ձերբակալման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել:
Ավելի ուշ հեռախոսազրույց եմ ունեցել առողջապահության նախարարի հետ, ով տեղեկացրել է, որ վարչական ձերբակալման ենթարկելու ընթացքում հիվանդանոց տեղափոխված քաղաքացին անցել է ռենտգենային հետազոտություն, և ոչ մի մեխանիկական վնասվածք չի արձանագրվել: Ըստ հետազոտող բժշկի՝ քաղաքացին գրավոր կերպով հրաժարվել է լրացուցիչ հետազոտություններից և լքել հիվանդանոցը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այժմ կատարում է մանրամասն ուսումնասիրություն մեզ հասանելի տեսանյութերի հիման վրա, որպեսզի ավելի հստակորեն պատկերացում կազմենք ոստիկանության կողմից կիրառված միջոցների ու մեթոդների մասին: Միջադեպի ու ոստիկանության միջամտության վերաբերյալ գնահատականները կհնչեցնեմ հավանաբար վաղը:
Լրացում.
Առողջապահության նախարարը նոր զանգահարեց ու տեղեկացրեց, որ հիվանդանոց տեղափոխված անձը վերադարձել է և ենթարկվել համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության: Մանրամասները՝ վաղը»: