տուն Հասարակություն Վարորդն իրավունք չունի առանց դիմակի ու ձեռնոցի ուղեւոր վերցնել. ինչպե՞ս են հսկելու...

Վարորդն իրավունք չունի առանց դիմակի ու ձեռնոցի ուղեւոր վերցնել. ինչպե՞ս են հսկելու հանրային տրանսպորտը

339
0

Ո՞վ է վերահսկելու հանրային տրանսպորտում դիմակներ կրելը, ի՞նչ պատասխանատվության են ենթարկվելու ուղեւորները: Վահան Հունանյանն Araratnews.am-ի հետ զրույցում հորդորեց հարցի պատասխանը ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:

Araratnews.am-ի հետ զրույցում տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն ասաց, որ տեսչական մարմնի ռեսուրսը բավարար չէ այդ վերահսկողությունն անելու: «Պատշաճ հսկողություն իրականացնելու համար համագործակցելու ենք Ճանապարհային ոստիկանության, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հետ եւ «Ավտոկայան» ՓԲԸ-ի հետ»,- մանրամասնեց պաշտոնյան:

Արդյոք տեսչական մարմնի աշխատակիցները կկանգնեցնեն հանրային տրանսպորտը, կստուգեն՝ ուղեւորներից քանիսն են դիմակ կրում, քանիսը՝ ոչ: «Ձեր նշածը բավական կոպիտ միջոցառում է, փորձելու ենք առանց ուղեւորներին նեղություն տալու, խլելու ժամանակը մշտադիտարկում անել: Որոշ դեպքերում, այո, կարող են մեր մասնագետները տրանսպորտային միջոցներում մշտադիտարկում անել»,- պատասխանեց պարոն Գրիգորյանը:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շեշտը դնելու է իրազեկման աշխատանքների վրա՝ որպես կանխարգելիչ գործողություններ: «Նախապատրաստել ենք պարետի որոշման 13-րդ հավելվածի նյութերը բուկլետի տեսքով, բաժանելու ենք ուղեւորափոխադրողներին, ուղեւորներին, վարորդներին, որոնք պետք է դրանք պահպանեն: Օրինակ՝ վարորդն իրավունք չունի առանց դիմակի, առանց ձեռնոցների ուղեւոր վերցնել»,- ասաց պատասխանատուն:

Քանի որ դեռ չգիտենք՝ ուղեւորներն ինչքան եւ ինչպես չեն պահպանի կանոնները, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կդժվարանա հետագա հստակ գործողություններ մատնանշել: Յուրաքանչյուր օր գուցե աշխատանքում լինի փոփոխություն:

Արդյոք վարորդն ու տրանսպորտային գծի պատասխանատուն տեսչական մարմնին ճիշտ տեղեկություն կտան ուղեւորների՝ դիմակ, ձեռնոց դնելու կամ չդնելու մասին: «Դա իմանալու ենք  Ճանապարհային ոստիկանության հետ մշտադիտարկումներ անելիս»,- պատասխանեց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:

Սոնա Դավթյան