Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Մելքոն Սարգսյանը իր վարած ВАЗ 21134 մակնիշի 01 CC 013 համարանիշի ավտոմեքենայով Ձորաղբյուր-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհի Մայակովսկի գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Սարգսյանը «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտկաի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի, Տիգրան Բաղյանի, Հուսիկ Կարապետյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդին, ով եղել է վիրավոր, օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժիշկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: