Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գաբրիելյանը մամուլի ասուլիսի ներածական մասից հետո պատասխանեցին լրատվամիջոցների հնչեցրած հարցերին:
Հիշեցնենք, որ թեմայի առանցքում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումն էր և գյուղատնտեսությունը:
Araratnews.am լրատվականի հարցին, թե պետությունն աջակցում է այն գյուղացիներին, ովքեր ունեն լավ վարկային պատմություն, իսկ ինչ պետք է անեն գյուղատնտեսությամբ զբաղվող այն անձինք, ովքեր չեն կարողանում օգտվել այս աջակցությունից, բանախոսներից փոխնախարար Արման Խոջոյանն ասաց. «Այսօր մենք ունենք մեծ թվով հայտադիմումներ: Այն կազմում է 13000: Եվ այսօր տրամադրվել է արդեն 2943 վարկ, որը համեմատական կարգով երկու անգամ ավելի է, քան առաջին եռամսյակում: Մեր կողմից առաջարկվող ծրագրերը երկու ուղղություն ունեն: Մեկը վարկավորումն է, մյուսը` գումարի փոխհատուցումը:
Գումարի փոխհատուցման ծրագրերից են ջերմոցային տնտեսությունները, խելացի անասնաշենքերը, ոչխարաբուծությունը և այծաբուծությունը, ինչպես նաև ինտենսիվ այգիների համար ունենք նման գումարի փոխհատուցում»:
Փոխնախարարն օգտվելով առիթից՝ նշեց. «Այն ֆերմերներն ու կազմակերպությունները, որոնք ցանկանում են օգտվել վարկային տեսակից, իրենք պետք է առաջնահերթ դիմեն բանկ, այն ֆերմերները, որոնք ցանկանում են օգտվել փոխհատուցվող տեսակից, նրանք դիմում են՝ նախարարության էլեկտրոնային հասցեին ուղարկելով համապատասխան փաստաթղթերը և դիմումը:
Նաև ասեմ, որ իմ կողմից հնչեցվեցին այն ծրագրերը, որոնք միտված են գյուղատնտեսության զարգացմանը և դրանք իրականացվում են մեր գործընկեր միջազգային կազմակերպությունների կողմից, և այդ ծրագրերի կողմից նույնպես փորձում ենք աջակցել և լինել ֆերմերի կողքին: Մանրամասների հետ կապված, ինչպես նշեցի, առաջիկա օրերին համապատասխան կառույցները կմանրամասնեն, թե որոնք են լինելու գրանցման սկզբունքները և ինչ աջակցություն է սահմանվելու»:
Հայկ Մագոյան