Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Araratnews.am-ի թղթակին փոխանցեց, որ օրեր առաջ ինքը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` տեղեկացնելով իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների մասին: Խոսքը վերաբերում է նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստին Վարդան Պետրոսյանի ներկայությունն ապահովելուն:
«Քննիչ Հայկ Հակոբյանը, տեսնելով, որ Վարդան Պետրոսյանը գտնվում է ցավերի մեջ, ունի ստացիոնար բուժման կարիք, չլսելով բժիշկների խորհուրդներն առ այն, որ Պետրոսյանին հիվանդանոցից դուրս բերելը կնպաստի վերջինիս մոտ ցավերի կրկնապատկմանը, բոլորի կամքին հակառակ, դերասանին տեղափոխել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,- նշված է փաստաբանի դիմումում: Նիկոլայ Բաղդասարյանը Հայկ Հակոբյանի այս գործողությունը որակում է, որպես «անմարդկային վերաբերմունք» և ՀՀ Սահմանադրության անմարդկային վերաբերմունքն արգելող 17-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի` խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքին վերաբերող 3-րդ հոդվածի խախտում:
«Քննիչ Հակոբյանն իր գործողություններով դիտավորյալ Վ. Պետրոսյանին ենթարկել է ֆիզիկական և հոգեկան տանջանքների, ստացիոնար բուժման կարիք ունեցող անձին բերման է ենթարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, այլ կերպ ասած` Վարդան Պետրոսյանի նկատմամբ դրսևորել անմարդկային վերաբերմունք»,- գրված է փաստաբանի դիմումում, որով Նիկոլայ Բաղդասարյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին խնդրում է քննության առնել և արձանագրել Վարդան Պետրոսյանի իրավունքների խախտման փաստերը:
Araratnews.am-ի թղթակցի հարցին՝ այս օրերի ընթացքում եղե՞լ է արդյոք որևէ արձագանք ՄԻՊ- կողմից, Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ դեռևս ոչ մի արձագանք չի ստացել:
Էմմա Պալյան