Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը երեկ դիմել է Վճռաբեկ դատարանˋ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար:
«Հիմնականում շեշտադրումը նրա վրա է դրված, որ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Վարդան Պետրոսյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ անօրինական ազդեցություն գործադրելով այլ անձանց վրա, այն դեպքում, երբ նման նյութերով ոչ առաջին ատյանի դատարանը, ոչ էլ քննիչն է նման փաստ բերել: Ականատես վկա չունենք՝ ինչի վրա պետք է ինքը ասի, հակառակըˋ քննիչը ասել է, որ այդ հիմքը գոյություն չունի, այսինքն արհեստականորեն Վերաքննիչ դատարանը հիմք է ստեղծել հիմնավորելու համար Վարդան Պետրոսյանի կալանքը»,-Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանը նշեց, որ Վարդան Պետրոսյանի մոտ երեկ է եղել, եւ նրա առողջական վիճակը այժմ կայուն է, գնում է դեպի դրականը:
«Բժիշկների միջամտության խիստ կարիք չկա, բայց եթե Վարդան Պետրոսյանը ազատության մեջ լիներ, արդեն լիովին բուժված կլիներ, քան դատաբարտյալների հիվանդանոցում, որտեղ օբյեկտիվ պատճառներով բուժումը չի կարող տրամադրվել այնպես, ինչպես մյուս հիվանդանոցներում»,- նշեց Բաղդասարյանը:
Փաստաբանը հավելեց, որ մասնակցելու է նաեւ տուժող կողմի սկսած փորձաքննությանըˋ որով պարզ կդառնա վթարից առաջ ավտոմեքենայի վրա կողային հայելիներ եղել են, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի էր ունեցել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթար, որի հետեւանքով զոհվել էին երկու անչափահաս երեխաներ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով հարուցվել էր քրեական գործ:
Լիլիթ Առաքելյան