Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում դատարանը մերժեց Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու մասին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը: Araratnews.am-ի հետ զրույցում դերասանի փաստաբանն ասաց, որ ըստ իրենց՝ Վարդանն այժմ գտնվում է ապօրինի կալանքի տակ:
«Դատական նիստի ընթացքում մի հարց ենք քննարկել՝ որպես խափանման միջոց՝ կալանքը վերացնելու հարցը: Քանի որ մենք գտնում ենք, որ դատարանը, չունենալով նման լիազորություն, անփոփոխ է թողել նրա նկատմամբ կալանքը: Եթե հիմնավոր էր համարում, պետք է պատճառաբանված որոշում կայացներ, երկարացներ կալանքի ժամկետը: Այս պահին նշանակում է, որ Վարդան Պետրոսյանը ապօրինի կալանքի տակ է գտնվում: Մենք դատարանին խնդրեցինք, որ մատնացույց անի քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը լիազորություն է տալիս իրեն, առանց պատճառաբանության, անժամկետ նշելու անփոփոխ թողնել: Դատարանը նշել է, բայց հոդված չի նշել: Այդ իսկ պատճառով մենք ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա հայտնեց նաև, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավոտվթարի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 4-ին: