Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված եւ կասկածյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործով առկա է փորձագետների եզրակացություն:Այս մասին Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշել է, որ դեռ երեկ է առկա եղել փորձագետների եզրակացությունը, սակայն քննիչը դրան չի ծանոթացրել իրենց, ինչը պարտավոր էր անել: Ավելին, նրանք նաեւ գրավոր միջնորդություն են ներկայացրել, որպեսզի քննիչը տրամադրի օրենքով նախատեսված փաստաթղթերը, այդ թվում՝ փորձագետների եզրակացությունը, սակայն մինչ օրս այն չի տրվել: Առկա է նաեւ փաստաբանի՝ ձերբակալման որոշման մասին ներկայացրած բողոքի պատասխանը, որը դեռեւս իրեն չի հասել: Երեկ երեկոյան, ժամը 18.30-ին, զանգահարել եւ հայտնել են, որ որոշումը առկա է, սակայն փաստաբանը արդեն հասել էր Երեւան, նորից չէր կարող վերադառնալ Եղվարդ եւ վերցնել այն: Այսօր պետք է որոշվի Վարդան Պետրոսյանի ճակատագիրը, մասնավորապես՝ նրան մեղադրա՞նք են առաջադրում եւ կալանավորում, թե՝ ոչ:
Նիկոլայ Բաղադասրյանը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ այսօր քննիչին բացարկ են ներկայացնելու եւ այն հանձնելու են համայնքի դատախազին՝ ֆիքսելով բոլոր խախտումները:«Անիմաստ է դարձել նրա հետ աշխատել, անկազմակերպ քննություն է, տպավորություն է, թե չեն կարողանում քննություն իրականացնել»,- դժգոհել է փաստաբանը:
Նիկոլայ Բաղդասարյանն անդրադառնոլով վթարինˋ նշել է, որ հակառակ կողմը լրատվամիջոցներում հակասական բաներ է պատմում: Մասնավորապես, տուժողներից մեկի ընկերուհին պատմել էր, թե իրենք մոտեցել էին խաչմերուկին,սպասում էին՝ մեքենան գա անցնի, իրենք մտնեն: Փաստաբանը նշել է, որ այդ տարածքում չի կարող նման բան լինել, քանի որ ճանապարհը միակողմանի է:Մյուս վարկածը, թե հետեւի ապակուց տեսել են, որ Վարդան Պետրոսյանի մեքենան արագ է մոտենում, փաստաբանը եւս անհավանական է համարում, քանի որ այդ հատվածում ճանապարհը թեթեւակի կորություն ունի եւ ֆիզիոլոգիապես հնարավոր չէ գնահատել հետեւից եկող մեքենայի արագությունը, եւ կանգնել, որ հետևի մեքենան անցնի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են, դերասանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Այժմ հիվանդանոցում գտնվում է բազմաթիվ կոտրվածքներ ստացած Տաթեւ Հակոբյանը:
Էմմա Պալյան