Երեւան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած հոկտեմբերի 20-ին վթարի հետեւանքով կալանավորված եւ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին այսօր տեղափոխել են «Քանկոր» սիրտանոթային բժշկության կենտրոն: Այդ մասին Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Փաստաբանը նշել է, որ դերասանի առողջական վիճակը վատացել էր, սրտի հետ կապված խնդիրներ ունի:Վարդան Պետրոսյանն այժմ հետազոտություն է անցնում կենտրոնում, եւ փաստաբանի կարծիքով, հավանաբար առաջիկայում դեռ այնտեղ կմնա:Իսկ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որեւէ որոշում չի ստացվել, տեղեկացրել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորվել էր:
Էմմա Պալյան