Այսօր ճարտարապետների միջազգային օրն է: Խորհրդանշական էր, որ հենց այսօր բացվեց հայկական ճարտարապետության հերթական «գլուխգործոցը»` Սիթի դարձած Փակ շուկան: ճարտարապետական այս տրանսֆորմացիայի դեմ բողոքները ոչ մի արդյունք չտվեցին` ինչպես և սպասելի էր: Սակայն Փակ շուկայի խեղաթյուրումը ընդամենը մի փշուրն է Հայաստանում ճարտարապետական և պատմական հուշարձանների ոչնչացման գործընթացում: Դժվար է հստակ նշել, թե որ ժամանակաշրջանից սկսվեց ճարտարապետական կոթողների նկատմամբ դեմարշը: Խորհրդային շրջանում հիմնականում ավերվեցին կամ այլ նշանակության օբյեկտների վերածվեցին եկեղեցիներն ու եկեղեցական բազմաթիվ կառույցներ: Անկախությունից հետո, սակայն, թվում էր թե իրավիճակը փոքր-ինչ այլ է լինելու, սակայն Հայաստանի ճարտարապետական դիմագծի այլափոխումը շարունակվեց: Սակայն հայկական ճարտարապետությանն ու Երևան քաղաքի թամանյանական նախագծին հասցված ամենամեծ հարվածն իրականացրեց տխրահռչակ Նարեկ Սարգսյանը` Ռոբերտ Քոչարյանի հետ ձեռք-ձեռքի տված` նախաձեռնելով Հյուսիսային պողոտայի շինարարությունը: Մի կողմ թողնելով պողոտայի շինարարության ժամանակ կատարված վայրիվերումները, բնակիչների մարդկային և քաղաքացիական իրավունքների մասսայական ոտնահարումները, անդրադառնանք խնդրի ճարտարապետական ասպեկտին:
Ընդհանրապես քաղաքը, որպես պետական, տնտեսական, վարչական միավոր, ունի նաև իր ճարտարապետական սահմանումը, որի մեջ կատարելապես տեղավորվում էր թամանյանական Երևանը: Սակայն Հյուսիսային պողոտայի կառուցմամբ՝ քաղաքի ճարտարապետական նկարագիրը խեղաթյուրվեց։ Արդյունքում պողոտան դարձավ քաղաք քաղաքի մեջ: Բացի այս, բետոնի հսկայական զանգված լցնելով Երևանի հենց կենտրոնում՝ ժամանակակից հայ ճարտարապետության «գիգանտ» Նարեկ Սարգսյանն իր անջնջելի ձեռագիրը դրեց քաղաքային կոլորիտի վրա` ոչնչացնելով քաղաքի միատարրությունը և արձանագրելով քաղաքային հասարակության շերտավորումը արդեն ճարտարապետության մեջ: Հյուսիսային պողոտան դարձավ «էլիտայի» բնակության և ժամանցի վայր: Այս «էլիտար» տրամաբանությամբ Աբովյան փողոցի, Մաշտոցի պողոտայի և ընդհանրապես քաղաքի տարբեր վայրերի հայկական ճարտարապետության նմուշ հանդիսացող շենքերն ու հասարակական նշանակության օբյեկտները «եվրոպականացվեցին»` Փակ շուկան էլ վերջիններիս թվում: Արդյունքում ընդամենը պետք է նշել, որ Փակ շուկայի ճակատագիրը հուշարձանի ոչնչացման ոչ թե մասնավոր դեպք է, այլ ներկայում ճարտարապետության և հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում առկա կեղծ մոդեռնիզացիայի տենդենցների հետևանք, որոնք հնարավոր է կանխարգելել միմիայն պետական բարձր միջամիտության արդյունքում: Սակայն, քանի որ ճարտարապետական և մյուս բոլոր ձևախեղումները իրականացվում են պետական բարձր օղակների թողտվությամբ և հովանավորությամբ, ուստի այս խնդրի լուծումն էլ անքակտելիորեն կապված է հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում համակարգային ու արմատական փոփոխությունների հետ:
Աղասի Մարգարյան