Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարար, 22-ամյա Սամվել Դեվելյանի հոգեհանգիստը։ Ի դեպ, զոհվածը ապրիլյան պատերազմի մասնակից էր:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հոգեհանգստյան արարողությանը ներկա էր նաեւ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Գաբրիելյանը եւ ղեկավար կազմը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարներից մեկը՝ 22–ամյա Սամվել Դեւելյանը, մահացել է, մյուսը՝ 27-ամյա Էդգար Գրիգորյանը, այրվածքներ է ստացել ստորին վերջույթների, ձեռքի դաստակների եւ գլխի շրջանում։ Էդգար Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան: