տուն Հասարակություն Վանաձորում հեծանվային ուղիներ կկառուցվեն

Վանաձորում հեծանվային ուղիներ կկառուցվեն

145
0

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել էր Վանաձորի զարգացման ծրագիրը: Հանդիպման առաջարկը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանինն էր։ Այդ մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանը:

Այսօր ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը մարզի ղեկավարի և Վանաձորի համայնքապետի հետ շրջել է մարզկենտրոնում՝ հստակեցնելու այն ծրագրերը, որոնք 2020 թվականի ընթացքում պետական միջոցներով կիրականացվեն Վանաձորում։ Պատասխանատուների զեկույցի համաձայն նախատեսվում է քաղաքում իրականացնել ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման ծրագրեր: Մասնավորապես, հիմնովին կվերանորոգվեն Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի փողոցները, որոնք տարանցիկ են և Մ6 միջպետական ճանապարհի մի մասն են կազմում:

Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում է նաև մի շարք այլ ենթակառուցվածքների ստեղծում: Ծրագրի մեջ են մտնում նաև Ազատամարտիկների պուրակի արդիականացման, հեծանվային ուղիների կառուցման և այլ նախագծեր:

Նախարար Պապիկյանը եղել է Վանաձորի Դեմիրճյան Փողոցում, Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքում և թիվ 11 ավագ դպրոցի հարակից փողոցում, որը դիտարկվում է որպես քայլուղի։

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մատնանշել է մի քանի այլ կարևորագույն նախագծեր, որոնք կարող են ապահովել Վանաձորի թռիչքաձև զարգացումը։

Սուրեն Պապիկյանն առցանց զրուցել է նաև ֆեյսբուքյան օգտատերերի հետ՝ կոչ անելով ներդրողներին իրենց մասնակցությունը բերել նախագծերի իրականացման գործընթացին։