Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացնում է, որ մարզի հանրակրթական դպրոցներում կա աշակերտների թվի խնդիր:
«Համայնքների դպրոցներում ընդհանուր աշակերտների թվի նվազում կա»,-ասում է Ղազարյանը:
Անդրադառնալով արտագաղթին եւ մարդկանց աշխատանքային զբաղվածությանը՝ նա նշեց, որ նորմալ կենսագործունեություն ծավալելու համար համայնքների մեծ մասում այդ հնարավորությունը կա:
«Այսինքն, հողագործությամբ զբաղվելով՝ կարողանում են հոգալ իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները, իրենց համակեցության խնդիրները: Չմշակված հողատարածքների առումով վարելահողերը ամենավատ դիրքերում են գտնվում հանրապետությունում: Հողերի մեծ մասը՝ մոտավարոպես 72 տոկոսը չեն օգտագործվում: Պատճառները տարբեր են. չօգտագործվող հողատարածքների մեծ մասը անջրդի են, բերքատվության ցուցանիշները ցածր են»,-ասում է Վայոց Ձորի մարզպետը:
Ղազարյանի խոսքով՝ այժմ փորձում են տարբեր ծրագրերով ոռոգելի դարձնել հողատարածությունները և խրախուսել առավելապես այգեգործությունը:
«Մեր մարզի յոթ համայնքներում աջակցություն ենք իրականցնում պտղատու այգիներ հիմնելու, նոր համակարգերով ոռոգում կազմակերպելու եւ այգեգործությունը խրախուսելու համար»,-հավելեց Ղազարյանը:
Լիլիթ Առաքելյան