Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան մայիսի 13-ին Եվրոպական միության հետ պայմանագիր է ստորագրելու, որով երկիրը ԵՄ-ից մեկ միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն է ստանալու։
«Վաղը Բրյուսելում կայանալու է Ուկրաինայի և Եվրամիության միջև պատմական համատեղ նիստը, որի ժամանակ մի քանի կարևոր փաստաթղթեր են ստորագրվելու, այդ թվում՝ Ուկրաինային հատկացվող մեկ միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնության մասին», — ասել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Ուկրաինային 17 մլրդ դոլարի օգնության փաթեթը։ ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը հաստատել է stand by ծրագիրը։ Առաջին փոխանցումը կիրականացվի առաջիկա օրերի ընթացքում և կկազմի 3.2 մլրդ դոլար։ Երկրորդ և երրորդ փոխանցումների ժամկետներն ու ծավալները կորոշվեն ամեն երկու ամիսը մեկ իրականացվող դիտարկումներից հետո։