տուն Քաղաքական Վախճանվել է հայ դիվանագետ Ռուբեն Շուգարյանը

Վախճանվել է հայ դիվանագետ Ռուբեն Շուգարյանը

341
0

ՀՀ ԱԳ նախարարությունը քիչ առաջ տեղեկացրեց՝  ԱՄՆ-ում մահացել է դիվանագետ Ռուբեն Շուգարյանը:

Ռուբեն Շուգարյանը ծնվել է Մոսկվայում՝ 1962 թ-ին: 1985 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը, 1989 թվականին՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։

1985-1991 թվականներին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում եղել է անգլերենի հրահանգիչ, 1991 թվականի հունվարից նոյեմբեր ամիսներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական ​​հանձնաժողովի փորձագետ, 1991 թվականի նոյեմբերից 1992 թվականի հուլիս՝ ՀՀ նախագահի օգնական, 1992-1993 թվականներին՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։

1993-1999 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը: Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ 2001-2005 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:  2003-2004թթ․ Հայաստանի սլավոնական համալսարանում քաղաքագիտության հրավիրյալ դասախոս: 2005-2008թթ․ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայր՝ Հռոմ)

2008թ-ից հրավիրյալ դասախոս, գիտնական, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան:

1999թ․ ծառայության և առաջին դեսպանատան ստեղծման գործում Հայաստանին նվիրվածության համար հատուկ հրաժեշտի հարգանքի տուրք է մատուցվել  Վաշինգտոն-Բալթիմոր հայ համայնքի կողմից :

1999թ․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հատուկ հրաժեշտի արարողություն հայ-ամերիկյան հարաբերություններում առանձնահատուկ նվաճումների համար:

1995թ. Ամերիկայի հայ ուսանողների ասոցիացիայի կողմից ներկայացված Արթուր Հ. Դադյանի «Ժառանգություն» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիր:

1993-1999թթ. եղել է Վաշինգտոնի Կոսմոս Ակումբի անդամ:

2000-2005թթ՝ ԱՄՆ-Հայաստան աշխատանքային խմբի անդամ:

2004թ-ից՝  Հայաստանի Գիտությունների և  առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի գիտական ​​խորհրդի անդամ:

2000-2005թթ՝ Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական ​​խորհրդի անդամ:

2004-2005թթ՝ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ կառավարության աշխատանքային խմբի ղեկավար:

Ռուբեն Շուգարյանը մեծ ներդրում է ունեցել նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Հայաստանի դժվար ժամանակաշրջանում նա եղել է դեսպան ԱՄՆ-ում: Նրան համարում են ոչ միայն պրոֆեսիոնալ դիվանագետ 4 լեզվի՝ անգլերենի, ռուսերենի, իտալերենի, գերմաներենի իմացությամբ, այլեւ սկզբունքային մարդ, որը  արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճանից զրկվեց 2008 թ-ի մարտի մեկի դեպքերից հետո: Նա եւ մի քանի հայ դեսպաններ հայտարարությամբ հանդես եկան այդ օրերին. «…Հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ մեր ունեցած պատասխանատվության զգացումով, մտահոգված լինելով Հայաստանում ստեղծված իրավիճակով, խորապես հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքը, համոզված լինելով, որ միայն արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել միջազգային ասպարեզում մեր պետության առջեւ առկա մարտահրավերներին եւ էականորեն բարձրացնել Հայաստանի միջազգային վարկը, մեր աջակցություն ենք հայտնում իր ազատության, արդար ընտրության իրավունքի պաշտպանության եւ Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատման համար պայքարի ելած մեր հայրենակիցներին…»: Հայտարարությունից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանով դեսպանները, նաև Ռուբեն Շուգարյանը զրկվեցին արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճանի կոչումից:

Միայն թավշյա հեղափոխությունից հետո Ռուբեն Շուգարյանին շնորհվեց արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան:

Araratnews.am-ը  ցավակցում է Ռուբեն Շուգարյանի հարազատներին, մաղթում տոկունություն եւ համբերություն: