Վազգենը վախենում էր նրանից, ինչ ես էի սիրում։ Մի անգամ եկավ մեր տուն, տեսավ՝ Տարզանոտ բան եմ նայում ու մտավ սենյակ էն պահին, երբ մեկին հետևից կացնով խփեցին։ Ջղայնացած անջատեց հեռուստացույցն ու արգելեց դա նայել։ 2 ամիս Վազգենի հետ չխոսեցի. Նեղացել էի։ Մի անգամ էլ հաց ուտելիս նկատեց, ոնց եմ հեռուստացույցի գլխին խփում, որ չխշշա ու նորմալ պատկեր ցույց տա, որ Ռենջերները նայեմ։ Տեսավ՝ ոնց եմ բազմոցի վրա գլուխկոնծի տալիս, թե բա ես ռենջեր եմ, ջղայնացավ ու արգելեց դա նայել։ Ես էլ ասացի՝ դու վատն ես, ես կարմիր ռենջերի հետ եմ ամուսնանալու, իսկ դու վատ բան ես անում իմ նկատմամբ: Վազգենից հետո ոչ Ռենջեր եմ նայել, ոչ Տարզան. Ինքն արգելել էր, իսկ ինքն ինձ համար աֆտարիտետ էր։ Մաման ջղայնանում էր, երբ Վազգենին անունով էի դիմում, իսկ ես անունով էի դիմում պապայի բոլոր ընկերներին՝ հատկապես կռված տղեքին։ Մինչև հիմա էդ առումով բան չի փոխվել։ Բայց մաման որ ջղայնանում էր, Վազգենին քեռի էի ասում, թեև պապայի ընկերն էր (ես պապայի բարեկամներին չէի սիրում, դրա համար Վազգենը չէր կարա հոպար լինել)։ Պապայի հետ մեկ-մեկ Արարատ գնալուց մտնում եմ էն տունը, որտեղ պապան մեծացել ա։ Վազգենը պապայիցս դուխով ա եղել։ Ինքն ա պապայի տեղը մամայիս նամակներ գրել, որովհետև պապան ամաչել ա մամայիցս ու վախեցել մերժվելուց։ Էդ նույն ձևով պապաս վախեցել ա ինձ տեսնելու գալ, երբ ծնվել եմ։ Մամայի հղի ժամանակվանից մինչև իմ 2 տարեկան դառնալը պապան մեր տուն ա եկել 6, իսկ Վազգենը ավելի քան 20 անգամ։ Պապային մի անգամ հարցրի՝ բա որ էդքան չէիր գալիս տուն, հետո ինչի ես սկսել գալ, պատասխանեց՝ Վազգենն ասել ա, որ Գոհարիկը բոլոր համազգեստով տղեքին ընդառաջ վազելով գոռում ա՝ պա, իսկ Վազգենը դրանից հուզվել ու նեղվել ա շատ։ Հիմա շատ բաներ են պատմում ինձ մանկությունիցս, ամենաքիչը Վազգենի հուզվելն եմ պատկերացնում, որովհետև ինքը պինդ ու ձիգ մարդ էր, որովհետև իրա նման մարդու ես մինչև հիմա չեմ հանդիպել, որովհետև ինքը կարմիր ռենջերից էլ ուժեղ էր ու ավելի սիրուն էր, քան Տարզանը, որովհետև ինքը կարար փրկեր աշխարհը, իսկ աշխարհը հիմա մարդկությանը Վազգեն ա պարտք…
Գրել է Գոհար Պետրոսյանը: