Ինչու եկեղեցուն տրված հանրային շատ զբասայգիներ անբարեկարգ վիճակում են, և քաղաքապետարանը քայլեր չի ձեռնարկում իրավիճակը փոխելու համար: Այս հարցը այսօր քաղաքապետարանում բարձրևացրեց «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը: «Երբ են այդ զբոսայգիները վերադարձվելու հանրությանը, որովհետև անհասկանալի է այդքան հանրային կանաչ տարածքներում եկեղեցիներ կառուցելու մոլուցքը: Նման մի եկեղեցի կառուցվեց լեզվաբանության ինստիտուտի տեղում: Թույլ տալ, որ նման բաներ արվեն պատմամշակութային արժեքների և հանրային այգիների հաշվին՝ արդարացված չէ: Եկեղեցիներ կառուցելու համար կարող են լինել այլ հարմար տարածքներ, ոչ թե հանրային զբոսայգիները»,- հայտարարեց Ս. Սաֆարյանը:
«Մեզ համար էլ է մտահոգիչ, և մենք արդեն 2 տարի Վեհափառին նամակ ենք ուղղել»,- պատասխանեց Տարոն Մարգարյանը: «12 վարչական շրջաններում էլ մենք նման խնդիրներ ունենք. ժամանակին այդ տարածքները տրամադրվել են եկեղեցուն սեփականության իրավունքով: Մեր կողմից հարց է բարձրացվել, որ կա’մ բարեկարգեք, որ ծառայի հանգստին, կա’մ կառուցեք եկեղեցիները: Պատասխանը հետևայալն էր` փնտրում են բարերարներ, որ եկեղեցիները կառուցեն: 2 տարի առաջ Արաբկիր վարչական շրջանում սկսվեց եկեղեցու կառուցումը: էրեբունի վարչական շրջանում դեռ 5-6 տարի առաջ էր սկսվել եկեղեցու կառուցումը, մոտ 60 տոկոսը աշխատանքների կատարվեց և շինարարությունները դադարեցվեց ֆինանսներ չլինելու պատճառով»,- ասաց Տ. Մարգարյանը` հավելելով, որ իրենք չեն կարող եկեղեցուց հետ վերցնել սեփականության իրավունքով նրան պատկանող տարածքները: «Դա եկեղեցու իրավունքն է` վերադարձնել կամ չվերադարձնել: Եթե վերադարձրեց, պատրաստ ենք բարեկարգել»,- ասաց նա:
«Խոսքը վերաբերում է հսկայական այգիների, որոնք տրվել են եկեղեցուն: Ինձ համար անհասկանալի է` այդտեղ զրոյից նոր եկեղեցի ինչո՞ւ է կառուցվում: Ինձ համար անհասկանալի է այն մոտեցումը, որ մենք հանրային այգին ամբողջովին տալիս ենք Մայր Աթոռին` դրա մի հատվածում եկեղեցի կառուցելու պատճառաբանությամբ: Նույն Առաջին զանգվածում` Գայի արձանի հետևի զբոսայգում, Նանսենի պատվին մատուռ է կառուցվել, 5-րդ մասիվում էլ կառուցված է եկեղեցի: Եթե երևանցուն շատ են պետք այգիներ, ապա այդքան եկեղեցիներ չեմ կարծում, թե պետք են»,- հայտարարեց Ս. Սաֆարյանը:
Ի պատասխան, Տ. Մարգարյանը նշեց, որ ոչ թե հիմա են այդ այգիները տրվել եկեղեցուն, այլ տրվել են 10-15 տարի առաջ: