Հայ երիտասարդ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը սկսել է նոր՝ «Սև ցուցակ» («Black list») ֆիլմի աշխատանքները: Ֆիլմը նվիրված է ռուս-իսրայելացի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի պատմությանն Ադրբեջանում, որը մեծ արձագանք էր ստացել:
Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է հենց Լապշինը:
Նա նշել է, որ այն պատմելու է նաև Ալիևի և Լուկաշենկոյի «կեղտոտ գործարքի մասին», Ադրբեջանի իշխանության ներսում խարդավանքների, իր նկատմամբ կատարած մահափորձի, իսրայելական զենքի առևտրով զբաղվողների և Ալիևի ռեժիմի միջև կապի և այլնի մասին:
Բլոգերը նաև խորհուրդ է տվել դիտել Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը:
Նշենք, որ ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է հոկտեմբերին: Ֆիլմը պատմում է, որ գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։
Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները…
Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:
Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի, Ուկարիանյի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդ Լապշինը ձերբակալվել էր 2016 թ. դեկտեմբերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնվել Բաքվին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: Արբեջանական դատարանի որոշմամբ նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման։ Բանտում է մնացել 7 ամիս: 2017 թ. սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել նրան, ինչից հետո նա կարողացել է հեռանալ Բաքվից: