տուն Հասարակություն Ստրիպտիզ ակումբներ, սաունաներ․․. դադարեցվում է բնակելիների տակ գտնվող օբյեկտների գործունեությունը

Ստրիպտիզ ակումբներ, սաունաներ․․. դադարեցվում է բնակելիների տակ գտնվող օբյեկտների գործունեությունը

256
0

Երեւան քաղաքում կդադարեցվի զվարճանքի եւ ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սեպտեմբերի 26-ից սկսած՝ այլեւս չի թույլատրվելու մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում սնկի պես աճող օբյեկտների գործունեությունը, որոնք տասնամյակներ շարունակ իսկական գլխացավանք էին դարձել բնակիչների համար:

Դիսկոտեկներ, կարաոկեներ, հեստապարային ակումբներ, շոգեբաղնիքներ՝ հիմնականում սրանք են այն օբյեկտները, որոնք ընդգրկված են սահմանափակումների ցանկում:

Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանի խոսքով՝ վաղուց էր առաջացել սահմանափակման ենթակա օբյեկտների մասին դրույթն ընդունելու անհրաժեշտությունը, որին կարգավորում է տվել 2018 թվականի սեպտեմբերին ՀՀ Ազգային ժողովը  «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով:

«Ինքներս ենք պարզել, որ տվյալ օբյեկտների տնտեսվարողներն աշխատում են օրենքի կոպիտ խախտումներով: Շատ հաճախ նրանք աշխատում են որպես ֆիզիկական անձ՝ չունենալով պետական գրանցում, հարկային օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով»,- նշում է նա:

Բազմաբնակարան շենքերի տակ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերում, բժշկական հաստատություններում, կրթական եւ պատմամշակութային հաստատություններում գտնվող զվարճանքի օբյեկտներն օրենքի ուժով դուրս են գալիս շինությունների տարածքներից:

Օրենքի խստացմանը զուգահեռ տնտեսվարողներին առաջարկվելու է տվյալ վայրերում փոխել գործունեության տեսակը, որը չի խաթարի համակեցության կանոններն ու չի հակասի օրենքին: Հաշվի առնելով տնտեսվարողների շահերը, որպեսզի վերջիններս չզրկվեն գործունեություն ծավալելու իրենց իրավունքից, նրանց նաեւ հնարավորություն կտրվի այդ գործունեությունը ծավալել որոշակի հեռավորության վրա: Հովիկ Սաֆարյանի խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունն ավագանու քննարկմանը կներկայացնի որոշման նախագիծ, որով առաջարկվում է օբյեկտները տեղավորել իրենց գտնված վայրից 100 մետր հեռավորության վրա:

Կեսգիշերն անց նման հաստատությունների գործունեությունն իրավախախտման բազմաթիվ դեպքերի պատճառ է դառնում: ՀՀ ոստիկանության տվյալներով՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում արձանագրվել է 563 իրավախախտման դեպք:

Որոշ օբյեկտներ արդեն իսկ դադարեցրել են իրենց գործունեությունը: Արդեն մի քանի օր է, ինչ փակվել է մասնավորապես Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկայի» դիմաց գործող ժամանցի կենտրոններից մեկը:

Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here