Այսօր` նոյեմբերի 5-ին, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2012 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը:
Համաձայնագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը հնարավորություն է ստանում Վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ հետևյալ ծրագրերի համար.
• Բաց ծրագիր «Հոսանքահաղորդման համակարգ» (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ) ծրագրի համար՝ մինչև 75 մլն եվրո գումարի չափով վարկ,
• «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում, 1-ին փուլ» ծրագրի համար՝ մինչև 18 մլն 500 հազար եվրո գումարի չափով վարկ:
• Գերմանա-հայկական հիմնադրամ (ԳՀՀ) «Կայուն տնտեսական զարգացում» առաջնահերթ ոլորտի ծրագրի համար՝ մինչև 15 մլն եվրո գումարի չափով վարկ,
• մինչև 750 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ «Կայուն տնտեսական զարգացում» առաջնահերթ ոլորտի ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար,
• մինչև 2 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհ «Վերականգնվող էներգակիրների աջակցություն, 3-րդ փուլ» ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար,
• մինչև 1 մլն 500 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ «Համայնքային ենթակառուցվածք, 2-րդ փուլ» ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար: