Չինաստանի Սինձյան Ույգուրյան ինքնավար շրջանից Երևան են ժամանել «Չինաստան-Եվրասիա» ցուցահանդեսի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչները, որոնք այսօր հայկական կողմի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին: Համաձայնագիրը վերաբերում էր կողմերի միջև առավել սերտ համագործակցության հաստատմանը առևտրի, ներդրումների և գիտատեխնիկական ոլորտներում:
«Չինաստան-Եվրասիա» միջազգային ցուցահանդեսը հովանավորվում է Չինաստանի կառավարության կողմից: 2013-ի սեպտեմբերին Սինձյան Ույգուրյան շրջանի Ուրումչի քաղաքում տեղի է ունեցել թվով երրորդ ցուցահանդեսը, իսկ չորրորդը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին՝ նույն տեղում:
Ինչպես իր խոսքում նշեց Չինաստան-Եվրասիա ցուցահանդեսի գլխավոր քարտուղար Թիան Չանչունը, Չինաստանի ղեկավարությունը անցած տարվա վերջին Ղազախստան կատարած այցելության ժամանակ առաջարկել է ստեղծել մետաքսի ճանապարհի նոր տնտեսական հարթակ: «Դա նոր հնարավորություններ կտա Չինաստանի ու Եվրասիական երկրների հետ առավել սերտ համագործակցության համար: 10 տարի առաջ Սինձյանը աշխարհի 4 հնագույն քաղաքակրթությունների բախման կիզակետ էր: Մետաքսի ճանապարհը շատ կարևոր դեր է խաղում զարգացած երկրների աճի՝ այսօրվա անորոշ հեռանկարների պայմաններում: Կենտրոնական Ասիայի զարգացող երկրների համար այն կարող է բարձր տնտեսական աճ ապահովելու հիմք հանդիսանալ»,- ասաց Թիան Չանչունը՝ հավելելով, որ Հայաստանի հետ առավել սերտ և առավել բազմակողմանի ու բազմաոլորտ համագործակցության խորացման համար այսօր արդեն լուրջ հնարավորություններ կան: