ՀՀ կառավարության այսօրվա նիստում առաջարկեցին Ստյոպա Սաֆարյանին նշանակել Հանրային խորհրդի նախագահ:
Վարչապետն ասաց, որ ուրախ է այդ թեկնածության համար: «Նա երկար տարիներ գործունեություն է ծավալել, եւ կարծում եմ՝ նրա գործունեությունը կլինի ի շահ ՀՀ-ի, Արցախի»,- ասաց կառավարության ղեկավարը:
Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց իրեն վստահելու համար: «Մեծագույն պատիվ է աշխատել Հայաստանի, Արցախի համար Նոր Հայաստանի գործընկերությամբ: Չենք հավակնում լինել միակ կամուրջը հանրության եւ իշխանության միջեւ, բայց կանենք ամեն ինչ՝ հանրության խոսքը իշխանությանը տեղ հասցնելու»,- ասաց ՀԽ նախագահի թեկնածուն:
Վարչապետն ասաց, որ այնքան էլ լավ պայմաններում չէ, որ Ստյոպա Սաֆարյանը ստանձնում է այս աշխատանքը, քանի որ Հանրային խորհրդի գոյությունն ու կարևորությունը կասկածի տակ է եղել: «ՀԽ նոր նախագահի առաքելությունը ծանր է լինելու: Սա վերջին շանսն է՝ ապացուցելու, որ ՀԽ-ը որպես խորհրդատվական մարմին պետք է գոյություն ունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հանրային խորհուրդը, ըստ կառավարության ղեկավարի, կարող է լինել հարթակ արտախորհրդարանական ուժերի:
Կառավարությունը միաձայն կողմ արտահայտվեց Ստյոպա Սաֆարյանի՝ ՀԽ նախագահ դառնալու որոշմանը: