Ստեփանավանի և Կապանի օդանավակայանների վերագործարկումը ընդգրկված է կառավարության 2014-ի գերակայությունների ցանկում: Հիշեցնենք, որ Կառավարության այս տարվա գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները հաստատվեցին երեկ:
ՀՀ կառավարության 2013 թվականի որոշումներից մեկով ««Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները փոխանցվել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Օդանավակայանը գտնվում է Ստեփանավանի կենտրոնից 6 կմ հեռավորության վրա, Սարատովկա գյուղից հարավ ընկած տարածքում: Օդանավակայանի շենքերի և շինությունների մակերեսը շուրջ 1154.1 քմ է, իսկ դրանց օգտագործման համար հատկացված հողատարածքը՝ 61.7 հա: Ընկերությունը 2006 թվականից որևէ գործունեություն չի ծավալել:
«ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների շրջանակներում նախատեսվող աշխատանքներն արդյունավետ և առավել օպերատիվ իրականացնելու նպատակով խիստ անհրաժեշտ է նախարարության ենթակայության տակ ունենալ օդանավակայան: Oդանավակայանի տարածքում պետք է իրականացվեն հսկայածավալ աշխատանքներ՝ հիմնովին պետք է վերանորոգվի վարչական շենքը, 2050 մ երկարությամբ թռիչքուղին, ցանկապատվի տարածքը և իրականացվեն բազմաթիվ այլ միջոցառումներ` օդանավակայանը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար: «Ստեփանավան» օդանավակայանի վերագործարկման արդյունքում հանրապետության հյուսիսային մասում կապահովվի արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների վերացման նպատակով օդուժի կիրառումը»,- ասված է հիմնավորման մեջ:
Ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանին, ապա դրա վերագործարկմումը, ըստ կառավարության, կնպաստի ոչ միայն հանրապետության տարածքում ու արտերկրում փրկարարական աշխատանքների օպերատիվության բարձրացմանը, այլև Կապանի բնակչության աշխատանքով ապահովմանը, զբաղվածության բարձրացմանն ու աղքատության կրճատմանը:
«Ստեփանավանի և Կապանի օդանավակայանների վերագործարկման շնորհիվ կբարձրանա բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, երկրի ներսում ու արտերկրում փրկարարական աշխատանքների իրականացման արդյունավետությունն ու օպերատիվությունը: Այն կունենա նաև ռազմավարական մեծ նշանակություն, օդանավակայանի վերագործարկումը կխթանի փոքր ավիացիայի զարգացմանը: Օդանավակայաններում կլինեն ուղղաթիռներ և փոքր ինքնաթիռներ, ինչպես նաև հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ավիացիան:
Օդային տրանսպորտի միջոցով հնարավոր կդառնա օպերատիվ արձագանքել արտակարգ իրավիճակներին, ապահովել փրկարարական ուժերի և անհրաժեշտ միջոցների ժամանակին տեղափոխումը աղետի գոտի՝ կտրուկ նվազեցնելով մարդկային և նյութական կորուստները:
Օդանավակայանների առկայությունը հնարավորություն կտա նախարարությունում ստեղծված փրկարարական օդադեսանտային խմբին մշտապես իրականացնել օդադեսանտային պատրաստության համար անհրաժեշտ սահմանված քանակով թռիչքներ:
Օդանավակայանները հնարավորություն կընձեռնեն իրականացնել շրջակայքի մշտադիտարկում, հետախուզական, հետազոտական, որոնողա-փրկարարական աշխատանքներ, արագ արձագանքել անտառային հրդեհներին, և հատկապես կարևորվում է ավիացիայի դերը հակակարկտային պայքարն առավել արդյունավետ դարձնելու գործում»,- ասված է կառավարության 2014-ի գերակա խնդիրների հիմնավորման մեջ: