Հոկտեմբերի 25-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն են այցելել ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մի խումբ մասնագետներ`ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանի գլխավորությամբ։
ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում Արտակարգ իրավիճակների նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մասնագետները քննարկեցին ԱԻՆ «Ստեփանավան» օդանավակայանի վերագործարկման հետ կապված խնդիրները։
Ողջունելով հյուրերին, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, նշեց, որ դեռ օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ «Ստեփանավան» օդանավակայանը հանձնվել է ԱԻ նախարարությանը։
— Այսօր դժվար է Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատկերացնել առանց ավիացիայի։ Ինքնաթիռներն ու ուղղաթիռները կարող են օգտագործվել հրդեհաշիջման աշխատանքներում` անտառային հրդեհներ, բարձրահարկ շենքերում բռնկված հրդեհներ, ավիացիան անհրաժեշտ է այլ երկրներ մեկնելու և մարդասիրական օգնություն տեղափոխելու համար։ Մենք նախատեսում ենք փոքր ավիացիան օգտագործել նաև հակակարկտային միջոցառումների շարքում։ Ստեփանավանի օդանավակայանում արդեն մեկնարկել են շինարարական աշխատանքները. ցանկապատվում է տարածքը, հիմնովին պետք է վերանորոգվի վարչական շենքը, թռիչքուղին և իրականացվեն բազմաթիվ այլ միջոցառումներ` օդանավակայանը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար, — ասաց ԱԻ նախարարը։
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն իր խոսքում նշեց, — Ողջունում ենք Հայաստանում պետական ավիացիայի զարգացմանն ուղղված ձեր այս նախաձեռնությունը։ Ես և իմ գործընկերները պատրաստ ենք լսել ձեր ծրագրերը, անելիքները և անշուշտ անել մեր առաջարկները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Ստեփանավան» օդանավակայանի վարչական շենքին և թռիչքուղուն ներկայացվող պահանջների, օդանավակայանի նավիգացիայի և նավիգացիոն սարքավորումների, ինքնաթիռների տեսակների հետ կապված խնդիրները։