Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ով առաջադրվել է ՀՖՖ նախագահական ընտրություններին, ArmFootball.com-ին հարցազրույց տվեց, որի ժամանակ անդրադարձավ բազմաթիվ թեմաների: Մելիքբեկյանին հանդիպեցինք ՀՖՖ-ի կազմակերպած մարզչական խոշոր սեմինարից հետո:
— Ինչպե՞ս անցավ սեմինարը:
— Երեք ամիս այս ծրագիրն էինք մշակում: Մեզ համար շատ կարևոր էր երկու այսպիսի միջոցառումներ անցկացնել` մեկը Դել Բոսկեի մասնակցությամբ էր, իսկ մյուսը` սա: Հաջորդ տարի սեմինարները բաժանելու ենք առանձին ուղղվածությունների (ֆուտբոլ, ֆուտզալ, կանանց ֆուտբոլ) և տարիքային խմբերի (մանկապատանեկան և պրոֆեսիոնալներ): Ըստ այդ խմբերի` հրավիրելու ենք արտասահմանցի, լուրջ մասնագետներ:
— Ցանկալի է, որ համեմատություն անցկացնեիք վերջին մեկ տարվա և Ռուբեն Հայրապետյանի նախագահական շրջաններում կատարած աշխատանքների միջև:
— Կցանկանայի, որ այդ համեմատությունը ֆուտբոլի մասին գրող լրագրողները կատարեին: Ինձ համար պարզ է, որ մենք դաշտ բացեցինք ակումբների համար, որ ծրագրեր իրականացնեն: Մի քանի հաջողված ծրագրեր կան, օրինակ, «Վանը» և «Վեսթ Արմենիան»: Մյուսների անունները չեմ տա, որովհետև շատերի մոտ խնդիրներ կան, սկսած ֆինանսականից: Տեսեք` ինչպես ֆուտբոլը հայտնվեց Չարենցավանում, դա մեծ նվաճում էր: Ունենք մանկապատանեկան ֆուտբոլի ներդրման ծրագիր, Գորիսում կառուցվում է ակադեմիա: Այժմ այնտեղ կառուցապատող ընկերության մոտ ֆինանսական խնդիրներ կան, բայց դրանք լուծելի են: Գումարած մարզչական ու կրթական այլ ծրագրեր, որոնք նոր են սկսում, բայց թափով են ընթանալու:
Միակ բանը, որ չեմ ընդունում, դա մեր տեխնիկական տնօրենի (Խինես Մելենդես-խմբ.) հետ կապված ծիծաղելի քննադատությունն է: ՈւԵՖԱ-ում բոլորը զարմացած են, որ նման մակարդակի մասնագետին կարողացել ենք Հայաստան հրավիրել: Նրան շատ երկրներից են հրավիրում, բայց նա Հայաստանում է: Մենք ինստիտուցիոնալ հիմք ենք դնում, և անկախ նրանից, թե ով կգա ու կգնա, կունենանք ֆուտբոլի համակարգ:
— Հայտարարել էիք, որ միայն ծայրահեղ դեպքում կառաջադրեք ձեր թեկնածությունը: Ի՞նչ տեղի ունեցավ, որ այդ ծայրահեղ պահը հասունացավ:
— Հասարակական կազմակերպությունների մի խումբ, որն աջակցում է այս մեկ տարում մեր թիմի կատարած բարեփոխումներին, չկարողացվ պայմանավորվել մեկ ընդհանուր թեկնածուի շուրջ, և զրույցների ընթացքում պարզվեց, որ ես նրանց համար բավականին ընդունելի թեկնածու եմ:
Բացի դրանից, արդեն վերջին օրերին բացահայտ դարձավ, որ Թովմաս Գրիգորյանի թեկնածությունը սատարում են ՀՖՖ-ի նախկին ղեկավարության ներկայացուցիչները և մասնավորապես Ռուբեն Հայրապետյանը: Դա երևաց բազմաթիվ գործոններով և անգամ չի էլ թաքցվում: Իմ տեղեկությամբ` Ռուբեն Հայրապետյանը հանդիպում է մարդկանց հետ: Իհարկե, յուրաքանչյուր կողմ կարող է հանդիպել և խոսել, բայց Ռուբեն Հայրապետյանը և նրա մարդիկ կոնկրետ այդ գործընթացի մեջ են: Չմոռանանք, որ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման ամբողջ տարիների ընթացքում Թովմաս Գրիգորյանը եղել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ և փաստացի աջակցել է այն գիծը, որը տարվել է: Վերջիվերջո, ֆուտբոլային հանրությունը և ակումբները դեմ դուրս եկան հենց այն բարքերին, որոնք նախկինում եղել են: Այդ պատճառով իմ թեկնածության հարցը սկզբունքային է:
Նշեմ, որ սա բացարձակապես Թովմաս Գրիգորյանի անձի դեմ թեկնածություն առաջադրում չէ: Ես անձերի դեմ չեմ պայքարում, այլ պայքարում եմ գաղափարների համար: Այդ գաղափարը ֆուտբոլի ամբողջովին բարեփոխումն է: Այս մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր իրականացնել այն ինչ ծրագրվել էր և նույնիսկ դաշտը մաքրել ավանդույթներից, որոնք ստեղծվել էին նախորդ երկար տարիների ընթացքում:
Խնդիրն այնպես է դրված, որ պատրաստակամ եմ վերջնականապես մրցակցային ու թափանցիկ դաշտ ապահովել և ամենակարևորը` ապահովել ՀՖՖ-ի ու ակումբների առանձին բարեկեցությունը:
— Թովմաս Գրիգորյանն ասաց, որ ձեզ առաջարկել է գնալ արձակուրդի:
— Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո նա ու Գործկոմի անդամներն ինձ վրա պաշտոնավարման պարտավորություն են դրել և ես շարունակելու այն կատարել: Ասեմ, որ ոչ մի կետում վարչական ռեսուրս չեմ օգտագործում և դրանով փակենք հարցը:
— Տեղեկություն եղավ, որ Արթուր Վանեցյանն Ալեքսանդր Գրիգորյանին է պատրաստվում նշանակել գլխավոր մարզիչ, վերջինս եկավ ֆեդերացիա, բայց արդյունքում Խաշմանյանը ստացավ այդ պաշտոնը: Այնուհետև եղավ 1:9 հաշվով պարտություն: Ի՞նչ է ֆեդերացիայում կատարվել այդ ընթացքում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։