տուն Լուրեր Ստեղծագործական միությունները՝ պալատական մտավորականների խմբակներ

Ստեղծագործական միությունները՝ պալատական մտավորականների խմբակներ

336
0

Մտավորականությունը ժողովրդի խիղճն է: Այս արտահայտությունն արդեն վաղուց դարձել է թևավոր ասույթ: Ներկայիս հայաստանյան իրականության պայմաններում, սակայն, այն առավել վերացական ձևակերպում է, որը ոչինչ չի մատնանաշում: Հայ ժողովուրդը կամ հայաստանյան հասարակությունը վերջին  հարյուրամյակում տեսավ բազմաթիվ փորձություններ` սկսած Ցեղասպանությունից, վերջացրած 2013 թվականի սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտարարությամբ:

Բնականաբար հայ մտավորականությունը անմասն չմնաց այն ամենից, ինչ կատարվում էր ամբողջ հանրության կյանքում, ենթարկվեց բոլոր այն ձևախեղումներին, որոնք տեղ գտան երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Խորհրդային շրջանում մտավորականությանը կարծես թե առավել կանխատեսելի ու կառավարելի դարձնելու համար ստեղծվեցին ստեղծագործական միություններ, որոնցից դուրս հայտնվելը ցանկացած ստեղծագործողի կամ մտավորականի համար հավասար էր դատավճռի : Հասկանալի էր նաև, որ խորհրդային  տոտալիտար համակարգի պայմաններում ստեղծագործական միությունները դարձան կայսրության մշակութային կյանքում  կուսակցության գաղափարական գծի առաջամարտիկները: Սակայն ինչ խոսք, անգամ սա չխանգարեց, որ 1980-ականների վերջին սկզբնավորված արցախյան, ապա և անկախության շարժման առաջին դիրքերում հայտնվեին այնպիսի անհատականություններ, ինչպիսիք էին Ռաֆայել Ղազարյանը, Ռաֆայել Իշխանյանը, Վանո Սիրադեղյանը, Վարդգես Պետրոսյանը, Սոս Սարգսյանը և շատ-շատ ուրիշ հայտնի անուններ: Հենց այս ժամանակաշրջանում մտավորականությունն առավել քան երբևէ դարձավ ժողովրդի խիղճը և մարմնավորեց ամբողջ հայաստանյան հասարակության  ձայնը: Հետագա զարգացումներում, սակայն,  մտավորականությունը, որպես հավաքական կերպար, սկսեց սպառել ինքն զինքը:

Անկախության երկու տասնամյակների ընթացքում երկրի կյանքում տեղ գտած իրողությունները, սոցիալ-տնտեսական ճգնաժամը, արտագաղթը, այլասերված քաղաքական համակարգի ստեղծումը իրենց անջնջելի հետքը թողեցին մտավորականության և վերջինիս կազմակերպական կառույցներ հանդիսացող ստեղծագործական միությունների վրա: Հստակ նկատելի կերպով կատարվեց հետքայլ դեպի խորհրդային անցյալ, երբ ցանկացած միություն ներկայանում էր որպես վարչական ապարատի կցորդ` հստակ ֆունկցիաներով: Արդյունքում ստեղծագործական միությունների գործունեությունը սահմանափակվեց այս կամ այն վարչակարգի գովերգով, երբեմն էլ անգամ ընտրական գործընթացներում իշխանությունների կամ իշխանության թեկնածուների քարոզարշավով: Հենց այս ասպեկտում ստեղծագործական միությունները վերջնականապես սպառեցին իրենց հանրային վարկանիշը, իսկ մտավորականությունը այլևս դադարեց գոյություն ունենալ որպես հավաքական կերպար: Արդյունքում մենք ունենք ներկայումս մտավորականներ, ստեղծագործողներ, սակայն չունենք մտավորականություն: Վերջինիս համար ամենածանր հարվածներից մեկը դարձավ, այսպես կոչված, «պալատական մտավորականության» վերելքը: Զավեշտալի նույնությամբ, ինչպես և խորհրդային բարքերի օրոք, տարբեր ստեղծագործական միությունների ղեկավարները կամ նախագահները դարձան իշխանությանն  անվերապահ նվիրված գործիչներ: Ստացվեց այնպես, որ ստեղծագործական միությունները, որոնք պետք է մարմնավորեին մտավորականությանը, դարձան վերջինիս գերեզմանափորը:

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here