Հեղափոխությունը կամ իշխանափոխությունը ամենահեշտ գործերից չէ: Դրա համար անհրաժեշտ են ահռելի ռեսուրսներ` թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական և թե՛ գաղափարական ու մտքարտադրության:
Նորմալ ժողովրդավարական երկրներում դա բնականոն գործընթաց է, երբ քաղաքական ուժերը մերթընդմերթ փոխարինում են միմյանց՝ դրանով իսկ ընտրական գործընթացի միջոցով իրականացնելով իշխանափոխություն: Այս մեխանիզմը աշխատում է, քանի որ ընդդիմադիր և իշխանական հատվածը գրեթե հավասարակշռված են իրենց տրամադրության տակ եղած վերոնշյալ ռեսուրսներով, կա ձևավորված միջին խավ, որը կախվածության մեջ չի գտնվում այս կամ այն քաղաքական միավորից և հավանության է արժանացնում այն քաղաքական ուժի ծրագիրը, որն ավելի մոտ է իր պատկերացումներին:
Ավտորիտար, օլիգարխիկ երկրներում այս հավասարակշռությունը էականորեն խախտված է: Կապիտալի մեծ մասը կենտրոնացած է իշխանությունը ուզուրպացրած վարչախմբի և նրա հովանավորյալների ձեռքում, միջին խավ գրեթե գոյություն չունի: Նման պայմաններում ավելի է բարդանում ոչ միայն իշխանափոխություն իրականացնելը, այլև նույնիսկ լոկալ խնդիրների լուծումը:
Այս իրավիճակում խնդիրների լուծումը հնարավոր է իրականացնել բացառապես կա՛մ արտաքին աջակցությամբ, կա՛մ համոզիչ տեքստերի միջոցով ժողովրդական լայն զանգվածների կոնսոլիդացմամբ, որը ևս կապված է որոշակի ֆինանսական ծախսերի հետ, կա՛մ էլ փորձել վարչախմբից առաջ անցնել նորարարությամբ, ստեղծագործականությամբ:
Հայաստանում գրեթե բացակայում են արտաքին ֆինանսական աջակցությունները, ինչը երևի թե ցանկալի էլ չէ, քանի որ նման աջակցությունները ենթադրում են նաև պարտավորություններ:
Բացակայում է նաև կոնսոլիդացիոն ռեսուրսը: 2 միլիոն բնակչություն ունեցող երկրում, որտեղ ռեժիմի հենարան հանդիսացող ոստիկանական ուժերը հասնում են 15000-ի, և մոտ այդքան էլ կազմում են ռեժիմի սպասարկու հրոսակախմբերը, կրիտիկական զանգվածի ապահովումը գրեթե անհնարինի շարքից է: Հետևաբար մնում է միայն նորարարությունն ու ստեղծագործականությունը, նոր որակի ստեղծումը, արժեհամակարգային փոփոխությունը, պայքարի նոր մարտավարություններով վարչախմբին անակնկալի բերելը:
Եթե վերլուծենք քաղաքական պայքարի մինչ այժմ եղած հաջողությունները, ապա դրանք հիմնված են եղել բացառապես ստեղծագործականության վրա, երբ վարչախումբը անպատրաստ է եղել նման ձևաչափի պայքարի: Հետագայում ևս պետք է առաջնորդվել այս տրամաբանությամբ, խթանել ստեղծագործական ռեսուրսի աճն ու անընդհատ փոխել մարտավարությունը: Եթե այս ամենը չի կատարվում, ապա ռեժիմը աստիճանաբար հարմարվում է իրավիճակին, ձեռք է բերում իմունիտետ, առաջ է բերում հակաքայլեր, երբեմն վերցնում է քաղաքացիական պայքարի գործիքները և օգտագործում հակառակ ուղղությամբ:
Նկարագրվածի վառ օրինակն է Դեղին և Կարմիր գլխարկավորների հակամարտությունը: Մաշտոցի պուրակում դեղին սաղավարտների գաղափարը նորարարություն էր, ինչին պատրաստ չէր վարչախումբը: Դա էլ նպաստեց խնդրի հաջողությամբ լուծմանը: Փակ շուկայի դեպքում փորձ արվեց կիրառել այդ նույն գործիքը, սակայն հաշվի չէր առնվել, որ Փակ շուկան իր բնույթով էականորեն տարբերվում է Մաշտոցի պուրակից, իսկ վարչախմբի համար դա արդեն ծանոթ գործիք էր. կար ձևավորված իմունիտետ, կար մտածված հակաքայլ: Ստացվեց այնպես, որ վերցվեց պայքարի գործիքը, սակայն ամբողջովին իրավիճակից ու կոնտեքստից կտրված, ինչն էլ բավարար ստեղծագործականության բացակայության պայմաններում հանգեցրեց լճացման՝ փակուղային իրավիճակի:
Վերջում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Սամվել Ալեքսանյանի քաղհասարակությունը հայտնվեց վերջին երկու տարում քաղաքացիական հանրության կենտրոնատեղի դարձած Մաշտոցի պուրակում:
Նարեկ Ամյան