Ավելի քան 10 հազար մարդ էր հավաքվել Ստամբուլում Գեզիի ցույցերի ժամանակ 2013 թվականի ամռանը գլխի ծանր վնասվածք ստացած, երեկ հիվանդանոցում մահացած 15-ամյա Բերքին Էլվանի հուղարկավորման արարողությանը մասնակցելու համար։ Արարողությունը տեղի է ունեցել Շիշլի թաղամասի գերեզմանատանը, որտեղ մարդիկ եկել էին ամբողջ քաղաքից։
Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, հուղարկավորման արարողությունից հետո հավաքվածները շարժվել են դեպի Թաքսիմ հրապարակ, որտեղ դեռ առավոտից գտնվում էին ոստիկանության մի քանի հարյուր հատուկջոկատայիններ։ Թաքսիմի ճանապարհին ակտիվիստներին միացել է նաև մի քանի հազար մարդ։
Իրավապահ մարմինները շրջապատել են ցուցարարներին՝ նրանց նկատմամբ կիրառելով ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ։ Այս պահին ոստիկանությունը շարունակում է ցրել ակտիվիստներին՝ այդ կերպ բացառելով նրանց մուտքը հրապարակ։ Ի պատասխան ուժայինների գործողություններին՝ ցուցարարները մոլոտովյակ կոկտեյլներ ու քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ։