տուն Լուրեր Սվարանցում մոռացել են երբևէ գազ ունենալու մասին. գյուղապետ

Սվարանցում մոռացել են երբևէ գազ ունենալու մասին. գյուղապետ

107
0

IMG_4809

Սյունիքի մարզի Սվարանց համայնքի ղեկավար Արթուր Մարգարյանը ասում է, որ գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի:

«Մենք  բարձրադիր գյուղ ենք, հեռու գյուղ ենք, ապրում ենք ծովի մակարդակից 1750 մետր բարձրության վրա: Ունենք մի հատ դպրոց, մանկապարտեզ չունենք»,-ասում է գյուղապետ Մարգարյանը:

Սվարանցը ունի 150 բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում են այգեգործությամբ ու անասնապահությամբ: Բացի գյուղապետարանից և դպրոցից սվարանցիներն այլ աշխատանք չունեն գյուղում:

Գյուղապետը ասում է, որ շատերն են համայնքից գնում արտագնա աշխատանքի:

«Ռուսաստան են գնում սեզոնային աշխատանքի, կամ գնում են Քաջարան՝ աշխատելու: Ընտանիքներով են գնում, կամ ամուսինը գնում է աշխատելու, հետո ընտանիքն էլ է տանում»,-ասում է Մարգարյանը:

Սվարանց տանող ճանապարհը խճապատված է, բայց կոյուղի չունի:

«Գյուղի բյուջեն ընդամենը 4 միլիոն դրամ է: Ճոպանուղու կառուցումը շատ դրական է, տուրսիտներ են գալիս մեզ մոտ: Բայց քանի որ գյուղը կոյուղի չունի, զուգարանները դրսում են, դրա համար չեն մնում մեզ մոտ»,-նշում է Մարգարյանը:

Նա հավելում է, որ բացի կույուղու կառուցման խնդրից, գյուղը նաև գազի խնդիր ունի:

«Գազը երևի մենք մոռանանք, գազը մեզնից շատ հեռու է: Իրանական գազը ճիշտ է, անցնում է մեր սարերի հետևովˋ Արամազդի հետևով, բայց նրանից հնարավոր չէ վերցնել: Մենք մոռանանք երևի գազ ունենալու մասին, տները ցախով ենք տաքացնում»,-հավելեց Մարգարյանը: