Սպիտակ տունը չի գնահատել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը, որը սահմանափակում է նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները` Իրանի դեմ հակամարտությունում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին: Տեղեկատվությունը փոխանցում է tert.am-ը՝ հղում կատարելով gazeta.ru-ին:
Նա ընդգծել է, որ Թրամփն իրավունք ունի պաշտպանել երկիրն ու ամերիկացիներին ահաբեկչական խմբավորումներից: Նրա կարծիքով` ԱՄՆ նախագահի գործողությունները աշխարհն ավելի անվտանգ են դարձնում: Գիդլին օրինագիծն անվանել է «սխալմունք», որը կխաթարի երկրի ռազմական ուժերի հնարավորությունները`իրանական «ահաբեկչական գործողությունները կանխելու» ճանապարհին:
«Սա փորձ է երկրի պաշտպանության հարցում խանգարելու նախագահին: Կոնգրեսի նման գործողությունները լիարժեք սխալ են»,- ասել է Գիդլին:
Հիշեցնենք, որ բանաձևի օգտին է քվեարկել 224 օրենսդիր և դեմ` 194-ը: Այս օրինագծով Ներկայացուցիչների պալատն Իրանի հետ հակամարտությունում կկարողանա վերահսկել Թրամփի գործողությունները: Մասնավորապես, փաստաթուղթն ԱՄՆ նախագահին արգելում է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ մինչ այն պահը, երբ Կոնգրեսը կհաստատի այն: