Առաջիկայում սպասվում են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց ժամանակ, միգուցե, ուսումնական կիրառությամբ կտեսնենք նոր «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչ օդուժի հզորությունը։
Այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մեծ զորավարժությունների ժամանակ, երբ հրաձգությունը մարտական է լինում, կիրառվում է նաեւ ծանր տեխնիկա, այդ թվում՝ հրթիռներ։ Նմանատիպ զորավարժությունների ժամանակ, միգուցե, կիրառվեն նաեւ «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռները։ Ի դեպ, ես խոսում եմ կոնկրետ մարտական զորավարժության մասին, որը «Շանթ»-ի հետ կապ չունի։ «Շանթ»-ը մարտական հրաձգությամբ լայնամասշտաբություն չունի, այն ռամավարական, հրամանատարաշտաբային զորավարժություն է»,-մանրամասնեց Ա. Հովհաննիսյանը։ «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի կործանիչների առաջին խմբաքանակը Հայաստան հասավ նախորդ տարվա դեկտեմբերին։ Ձեռքբերումը, ինչպես նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ ժողովրդի ապահովման հարցում։