Հայաստանի տնտեսական վիճակին վերաբերող սպառողների վստահությունը վերջին 2 տարիներին կայուն նվազում է արձանագրում: Սա երևում է Կենտրոնական բանկի՝ օրերս հրապարակած հետազոտությունից: Այսպես, այս տարվա առաջին եռամսյակում սպառողների վստահության ինդեքսը կազմել է 47.4, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 40.8:
Սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ) մի ինդեքս է, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված ինդեքսների միջին թվաբանական մեծություն: Յուրաքանչյուր ինդեքս տատանվում է 0-ից 100 միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր հարցվածները նշել են նվազում, 100 արժեքը` որ բոլորը նշել են աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Արժեքների 45-ից 55 միջակայքը համարվում է կայունության միջակայք: Կայունության միջակայքից մեր սպառողների վստահության ցուցանիշը դուրս է եկել 2013թ. առաջին եռամսյակում՝ նվազման ուղղությամբ:
Բավականին հետաքրքիր են նաև այդ 6 հարցերը, որոնք տրվել են սպառողներին: Առաջինն այն է, թե 2014թ. առաջին եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստը նախորդ եռամսյակի համեմատ աճե՞լ է, թե՞ նվազել: Ինդեքսի արժեքը կազմել է 50.8 (կայուն միջակայք` ոչ աճել է, ոչ նվազել), սակայն 2 տարի առաջ այն 60 էր, իսկ անցած տարվա վերջին եռամսյակում՝ 52.8 էր:
«Ֆինանսական վիճակի փոփոխությունը՝ նախորդ եռամսյակի նկատմամբ» հարցի ինդեքսը բավականին ցածր է՝ 28 (2 տարի առաջ 40.7 էր): Սա նշանակում է, որ հարցվածների ծանրակշիռ մասն ասել է, որ իր ֆինանսական վիճակը նախորդ եռամսյակի համեմատ վատացել է: ՀՀ ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականները է՛լ ավելի վատատեսական են: Համապատասխան ինդեքսը կազմել է ընդամենը 15.9, ինչը նշանակում է, որ հարցվածները տնտեսության վիճակի վատթարացման չափը ավելի մեծ են համարել, քան թե իրենց ֆինանսական վիճակի վատթարացման չափը:
Հետաքրքիր են նաև ֆինանսական վիճակի փոփոխության սպասումներն ու զբաղվածության վիճակի փոփոխության սպասումները: Առաջինի դեպքում ինդեքսը 44.6 է և առաջին անգամ վերջին տարիների համար դուրս է եկել կայունության միջակայքից: Իսկ երկրորդի դեպքում՝ 51.5 է, որը թեև նվազել է նախորդ տարիների համեմատ, սակայն գերազանցում է 50-ը և գտնվում է կայունության միջակայքում: Ընդհանուր առմամբ՝ ապագայի մասին սպասումները (վերջին երեք հարցերը) ավելի դրական են (ինդեքսի ցուցանիշն ավելի մեծ է), քան թե ընթացիկ վիճակի գնահատականը:
Այսպիսով, Հայաստանի սպառողները փաստում են, որ ընդհանուր առմամբ վերջին 2 տարիներին վատացել է իրենց ֆինանսական վիճակը և ընդհանուր տնտեսության վիճակը: Ընդ որում՝ սպառողները համարում են, որ իրենց վիճակը ավելի քիչ չափով է վատացել, քան թե ընդհանուր տնտեսության վիճակը: Ինչ վերաբերում է սպասումներին, ապա դրանք թեև շատ լավատեսական չեն, սակայն ընթացիկ վիճակի համեմատ ավելի դրական են:
Հայկ Մանուկյան